ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երկօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը երկօրյա աշխատանքային այցով Սյունիքի մարզում էր՝ հետևելու մարզում ընթացող ճանապարհաշինական ծրագրերի իրականացմանը։
Այցի առաջին օրը Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, ինչպես նաև Սիսիանի և Գորիսի համայնքապետերի հետ այցելել են Սիսիան համայնք՝ տեղում դիտարկելու կառավարության ֆինանսավորմամբ հիմնանորոգվող Աշոտավան-Թասիկ-Արևիս 10 կմ երկարությամբ ճանապարհի շինարարական աշխատանքները։
Այնուհետև ուսումնասիրվել է Վերիշեն-Խոզնավար 18.3 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքը։ Այցի երկրորդ օրը՝ Կապանում ընթացող դեսպանահավաքի շրջանակում, Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների հետ այցելել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածի շինհրապարակ։
Տեղում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին ներկայացվել են Հանրապետության հարավային հատվածում արդեն իրականացված և ընթացքի մեջ գտնվող խոշորածավալ ենթակառուցվածքային ծրագրերը։ Մասնակիցների հարցերին տրվել են մանրամասն պատասխաններ։













