ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր։
ՏԿԵ փոխնախարար Վարդան Կոստանյանի, մարզպետ Դավիթ Առուշանյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, մարզի համայնքապետերի հետ դիտարկվել են մարզի տարբեր համայնքներում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգման ներքո իրականացվող ծրագրերի ընթացքը:
Նախարարը նախ ծանոթացել է Անի համայնքի Հայկաձոր բնակավայր տանող ճանապարհի 1.5 կմ երկարությամբ հատվածի՝ սուբվենցիոն ծրագրով իրականացվող ասֆալտապատման աշխատանքների ընթացքին: Այնուհետև դիտարկվել է Զարինջա–Շիրակի մարզի սահման 2.5 կմ և Տ-7-20, Ձիթհանքով-Արագածոտնի մարզի սահման-1.8 կմ երկարությամբ ճանապարհի՝ Շիրակի մարզով անցնող հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ 499 մլն դրամ պայմանագրային արժեքով ծրագրի շինարարությունը մեկնարկել է 2025 թվականին։
Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է Անի համայնքի Մարալիկ քաղաքի Հր. Շահինյան փողոցի՝ 1 կմ երկարությամբ ճանապարհահատվածը, որի աշխատանքները գտնվում են ակտիվ ընթացքի մեջ: Նախարարը եղել է նաև Արթիկ համայնքում, որտեղ մի քանի փողոցներում իրականացվում են ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ: Նոր Կյանք բնակավայրում այցելել է «LEAD4Shirak» ծրագրի շրջանակներում, ԵՄ համաֆինանսավորմամբ կառուցված վարդերի ջերմատուն։
Գյումրիում դիտարկվել են մի շարք փողոցների հիմնանորոգման աշխատանքները: Որոշակի խնդիրներով պայմանավորված՝ նախարարը հանձնարարել է վերացնել առկա թերությունները և ասֆալտապատման աշխատանքներն իրականացնել միչև ցուրտ եղանակի սկսվելը: Թերություններ էին առկա նաև Աշոցք-Բավրա ավտոճանապարհի հիմնանորոգված հատվածում: Խուդաթյանը շինարարին հանձնարարել է ամբողջովին վերացնել անորակ աշխատանքը, տեղադրել նոր ասֆալտաշերտ, այլապես կառավարությունը նշված ճանապարհի մասով ֆինանսավորում չի իրականացնի։
Նախարարը շինարարական բոլոր օբյեկտներում հստակ ընդգծել է՝ անորակ աշխատանքը չի ընդունվելու և չի վճարվելու, բոլոր ճանապարհների հիմնական բաղադրիչները ստուգվելու են պետական լաբորատորիայում։ Շիրակի մարզ այցի ընթացքում Խուդաթյանը պատասխանել է նաև մարզային լրատվամիջոցների լրագրողների հարցերին։

















