ՀՀ ՏԿԵՆ-ում կազմակերպել է քննարկում գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների մասնակցությամբ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչությունը՝ վարչության պետ Պապին Գալստյանի գլխավորությամբ, մարտի 24-ին կազմակերպել է քննարկում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների պարբերական վկայագրման կարգում իրականացված օրենսդրական փոփոխություններով սահմանված գործառույթների կիրարկման գործընթացի վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցում էին գազաբալոնների պարբերական վկայագրում իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների ավելի քան 30 ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ճարտարագիտության ֆակուլտետի դեկան տեխնիկական գիտությունների թեկնածու Արման Սիմոնյանը և նույն ֆակուլտետի ամբիոնի վարիչ տեխնիկական գիտությունների դոկտոր Արամայիս Եսոյանը։
Քննարկմանը ներկայացվել են նախատեսվող օրենսդրական փոփոխությունները, մասնավորապես՝ գազաբալոնների պարբերական վկայագրման գործընթացը տեսանկարահանելու կարգավորման ներդրման անհրաժեշտությունը՝ որպես հանրային ծառայությունների որակի վերահսկողության մեխանիզմ։
Հանդիպման ընթացքում վկայագրում իրականացնող լիցենզավորված կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրել են առաջարկներ, ինչպես նաև քննարկվել են գազաբալոնների վկայագրման տեխնոլոգիական պրոցեսների արդյունավետ կազմակերպման և ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնների շահագործման անվտանգությանն ուղղված հետագա միջոցառումներին վերաբերող այլ հարցեր։