ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է Համայնքային ֆորումին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն այսօր մասնակցել է «Աջակցություն ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» (ԴեաԼոԳ) ծրագրի շրջանակներում կազմակերպված Համայնքային ֆորումին։
Բացման խոսքում Ավետիսյանը ողջունել է հյուրերին՝ նշելով, որ ապակենտրոնացումը Հայաստանում ոչ միայն պետական քաղաքականության կարևոր ուղղություն է, այլ նաև գործընկերության վրա հիմնված գործընթաց՝ կառավարության, համայնքների և միջազգային գործընկերների միջև։
ԴեաԼոԳ ծրագիրը կարևոր հարթակ է, որտեղ բարեփոխումների գաղափարները վերածվում են գործնական արդյունքների։ Ծրագրի շրջանակում ձևավորվել են երկխոսության և համագործակցության նոր մեխանիզմներ, իրականացվել են փորձի փոխանակման ծրագրեր, և մշակվել են մի շարք կարևոր վերլուծություններ՝ ապակենտրոնացման քաղաքականության առաջխաղացման համար։
Ֆորումի ընթացքում ներկայացվել են Հայաստանի համայնքների միության տեսլականը, ռազմավարությունը և գործելակերպը, միջազգային փորձը, Հայաստանում վարչատարածքային բարեփոխումները, անդրադարձ է կատարվել ֆիսկալ ապակենտրոնացմանը։
Կազմակերպվել է հարցուպատասխան և մտքերի փոխանակում ապակենտրոնացման և վարչատարածքային բարեփոխումների մարտահրավերների, խնդիրների ու լուծման տարբերակների վերաբերյալ։

