ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Նախարարը ողջունել է դեսպանին և շնորհավորել նրան առաքելության ստանձնման կապակցությամբ։
Խուդաթյանը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան-Իրան համագործակցության լայն շրջանակին վերաբերող մի շարք հարցեր։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել էներգետիկ, տրանսպորտի, ճանապարհաշինության ոլորտներին վերաբերող հարցերի։ Նախարարը կարևորել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի շուտափույթ կառուցման, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև ավիացիոն համագործակցության խորացման, թռիչքների ավելացման անհրաժեշտությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել օրակարգային մի շարք այլ հարցերի քննարկումները։




