Տեղի է ունեցել Վանաձորի Բաց կառավարման գործընկերության նոր գործողությունների ծրագրի առաջարկների համաստեղծումը
Փետրվարի 26-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել «Բաց տարածք» մեթոդով համաստեղծման հանդիպում՝ նվիրված Վանաձոր համայնքի Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) գործողությունների ծրագրի վերանայմանը։ Միջոցառումը նախաձեռնել էր «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ն՝ «Unlocking Progress․ Վանաձորի և Գյումրիի ԲԿԳ գործողությունների ծրագրի վերանայում» ծրագրի շրջանակներում։
Հանդիպմանը ներկա էին ներկայացուցիչներ ՀՀ վարչապետի աշխատակազմից, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից (ՏԿԵՆ) և ակտիվ քաղաքացիներ։ Ինչպես նշել է ՀԿ Կենտրոնի նախագահ Արփինե Հակոբյանը, այս գործընթացը հնարավորություն է տալիս բնակիչներին ուղղակիորեն մասնակից դարձնել կառավարմանը։ «Այսօրվա նպատակը հնարավորինս շատ խնդիրներ բարձրաձայնել և խնդիրների լուծումների համատեքստում հանձնառություններ ձևավորելն է, թե որոնք կվերցնի համայնքապետարանը, արդեն կքննարկվի հանձնաժողովով»,- ընդգծել է նա։
ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը ևս կարևորել է այս նախաձեռնությունները. «Բնակչից պիտի գա այդ գաղափարը ու տեղական իշխանությունից: Հետո, իհարկե, իրականացման փուլում մենք նույնպես կանգնած ենք համայնքի կողքին»։
Միջոցառման ընթացքում նախ ամփոփվել են Վանաձորի կողմից 2021 թվականին ստանձնած առաջին հինգ հանձնառությունները, որոնք ներառում էին գույքի կառավարումը, կանաչ տրանսպորտը և մասնակցային բյուջեն։ Այնուհետև, մասնակիցները քննարկել են նոր գաղափարներ 2026 թվականի գործողությունների ծրագրի վերաբերյալ։
Կարևոր է նշել, որ հնչեցված բոլոր առաջարկներն այս պահին կրում են նախնական բնույթ և դեռևս չեն դարձել պաշտոնական հանձնառություններ։ Քննարկված առաջարկների թվում էին համայնքային կառավարման մեջ արհեստական բանականության կիրառումը, համայնքային բյուջեից ՀԿ-ներին տրամադրվող ռեսուրսների թափանցիկության ապահովումը, հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելի բյուջեի մշակումը և քաղաքում կայանատեղիների խնդրի կարգավորումը։ Այս գաղափարները դեռ պետք է անցնեն մասնագիտական քննարկման փուլ, որպեսզի ձևակերպվեն որպես կոնկրետ հանձնառություններ, որոնք համայնքապետարանի գործունեությունը կդարձնեն ավելի թափանցիկ ու հաշվետու։ Մասնակիցների համոզմամբ՝ նման ձևաչափով աշխատանքը համայնքի զարգացումը դարձնում է բնակիչների և իշխանության համատեղ պատասխանատվություն։



