ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը «Ռեսուրսներ՝ վաղվա համար» հանքարդյունաբերական ցուցահանդեսի ընթացքում հանդես է եկել ելույթով
Լոնդոնում անցկացվող «Ռեսուրսներ՝ վաղվա համար» հանքարդյունաբերական ցուցահանդեսի ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերության ընթացիկ վիճակը, ոլորտի զարգացման տեսլականը։
Նախարարն ընդգծել է, որ Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտը ձևավորվել է հարուստ երկրաբանական միջավայրում, որտեղ առկա են պղնձի, մոլիբդենի, ոսկու, երկաթի, ինչպես նաև ոչ մետաղական հումքի հանքավայրեր։ Սակայն այսօր Հայաստանի առաջնային նպատակը միայն արդյունահանումը չէ․ այլ ձգտումը` կառուցել պատասխանատու և հավասարակշռված հանքարդյունաբերություն, որտեղ տնտեսական աճը համադրվում է շրջակա միջավայրի անվտանգությանը և հանրային վստահությանը։
Եվ այդ ուղղությամբ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը սկսել է համապարփակ բարեփոխումներ` ուղղված ոլորտի արդիականացմանը։

