Հայաստանի բոլոր մարզերում անցկացվել են բազմաբնակարան շենքերի (ԲԲՇ) կառավարման բարելավմանն ուղղված դասընթացներ
«Հաբիթաթ ֆոր հյումենիթի Արմենիա» հիմնադրամը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ և ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի ֆինանսական աջակցությամբ, հաջողությամբ իրականացրեց բազմաբնակարան շենքերի (ԲԲՇ) կառավարման բարելավմանն ուղղված դասընթացներ Հայաստանի բոլոր մարզերում:
Դասընթացների հիմնական նպատակը ԲԲՇ կառավարման գործառույթներ իրականացնող անձանց տեսական և գործնական հմտությունների բարելավումն էր ԲԲՇ կառավարման, պահպանման և էներգաարդյունավետության բարձրացման ուղղություններում:
Ընդհանուր առմամբ թվով 11 դասընթացներին մասնակցեց համատիրությունների և ՏԻՄ-երի ավելի քան 200 ներկայացուցիչ: 27․11․2025թ․-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և Հաբիթաթ ֆոր հյումենիթի Արմենիայի այս համատեղ նախաձեռնության վերջին դասընթացը։
Դասընթացների այս շարքը հատկապես կարևորվում է մարզպետարանների, ՏԻՄ-երի և համատիրությունների՝ նշված ուղղություններով կարողությունների բարձրացման տեսանկյունից, քանի որ դասընթացների շրջանակում ներկայացվեցին՝
• ԲԲՇ ոլորտին վերաբերող օրենսդրական դաշտը և ոլորտում գործող իրավական ակտերի կիրառման հիմնական մարտահրավերները,
• Էներգաարդյունավետ լուծումներ, որոնք նվազեցնում են ԲԲՇ ծախսերը և բարելավում բնակելի պայմանները,
• Շենքերի պահպանման և կառավարման ծախսերի հաշվարկման ու պլանավորման մեթոդական ցուցումներ:
Մեթոդական ցուցումները մշակվել են Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիայի կողմից` ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետ համագործակցությամբ։
Նշենք, որ ՏԻՄ-երը կարևոր դեր են ունեցել դասընթացների արդյունավետ կազմակերպման և իրականացման գործընթացում։







