ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Վրաստանի տարածքային զարգացման նախարար Կախաբեր Գուլեդանիի հետ
Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Վրաստանի տարածքային զարգացման նախարար Կախաբեր Գուլեդանիի հետ։
Նախարար Գուլեդանիի հետ քննարկվել են տարածքային և տեղական ինքնակառավարման ոլորտներին, լիազորությունների ապակենտրոնացմանը վերաբերող հարցեր։ Քանի որ Վրաստանը նույնպես գնում է լիազորությունների ապակենտրոնացման ճանապարհով, զրույցի ընթացքում առանձնացվել են այն հիմնական մարտահրավերները, որոնք ի հայտ են գալիս գործընթացի ժամանակ։ Գուլեդանին հատկապես հետաքրքրվել է համայնքների խոշորացման Հայաստանի փորձով և դրա արդյունավետությամբ։
Քննարկվել են համայնքային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման, վերահսկողության և մշտադիտարկման վերաբերյալ հարցեր։ Նախարար Խուդաթյանը վրացի գործընկերոջն առաջարկել է երկու երկրների համայնքապետերի համար շփումների հարթակ ստեղծել, ինչը կդյուրինացնի ձևավորված երկկողմ հարաբերությունների ընդլայնումը։



