ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեի հետ
Վրաստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Ռևազ Սոխաձեի հետ։
Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են նաև Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը։
Երկուստեք ընդգծվել է Հայաստան-Վրաստան բարեկամական հարաբերությունների և վերջին շրջանում երկու երկրների ղեկավարների ակտիվ շփումների կարևորությունը։
Քննարկվել են ճանապարհային ենթակառուցվածքների, ջրային ոլորտներում անելիքները, Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքը։ Վրացական կողմը հետաքրքրություն է ցուցաբերել ջրերի կառավարման ոլորտում հայկական փորձի նկատմամբ և առաջարկել փորձի փոխանակում իրականացնել։ Քննարկվել են նաև ճանապարհաշինության ոլորտին, թունելների և կամուրջների շինարարության փորձառության վերաբերյալ մի շարք հարցեր։




