ՀՀ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԱՄԱԺՈՂՈՎ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
Նոյեմբերի 20-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել է «Տրանսպորտային անվտանգությունը կլիմայական մարտահրավերների պայմաններում» թեմայով համաժողով, որի շրջանակներում քննարկվել են կամուրջների անվտանգության և դիմակայունության բարձրացման հիմնահարցերը, կամուրջների նախագծման, շինարարության, պահպանման արդի հիմնախնդիրները:
Համաժողովին բացման խոսքով մասնակիցներին ողջունել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը՝ ընդգծելով, որ Հայաստանում նոր ու արդիական կամուրջների կառուցումը և գոյություն ունեցող կամուրջների վերականգնումը ՏԿԵ նախարարության ռազմավարական առաջնահերթություններից է:
Նախարարի տեղակալը նշել է, որ նախ և առաջ կարևորվում է գոյություն ունեցող կամուրջների տեխնիկական վիճակի գնահատման աշխատանքները, որի արդյունքներով կմշակվեն և կիրականացվեն կամուրջների վերականգման հստակ ծրագրեր և միջոցառումներ։ Համաժողովի ընթացքում ԿԶԵՀ բանախոսների կողմից ներկայացվել են կամուրջների փլուզման ռիսկերը և դրանք նվազագույնի հասցնելու միջոցառումները, ջրհեղեղների կանխատեսման, երկրաշարժերին կամուրջների դիմակայման և սեյսմակայունության հետ կապված հարցերը, ինչպես նաև կամուրջների մշտադիտարկման ավտոմատացված արդի համակարգի հնարավորությունները։
Համաժողովի շրջանակներում ներկայացվեց նաև ՀՀ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով վնասված ութ կամուրջների վիճակի հետազոտության արդյունքները: