ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը Ժնևում մասնակցել է IGF-ի քննարկումներին
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը նոյեմբերի 3-6-ը գտնվում էր Շվեյցարիայի Համադաշնությունում (Ժնև), որտեղ մասնակցել է IGF-ի բարձր մակարդակի քննարկումներին։ Նոյեմբերի 5-ին Վարդանյանը մասնակցել է «Ստանդարտների սահմանում․ հանքանյութերի հաշվառման կոդեր և ռեսուրսների դասակարգում» թեմայով պանելային քննարկմանը՝ որպես բանախոս։
Քննարկման ընթացքում Վարդանյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը, մասնավորապես՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության ընթացքը (2023-2035թթ․), հանքային պաշարների հաշվետվողական համակարգի բարեփոխման, տվյալահեն որոշումների կայացման մեխանիզմների ներդրման և հանքային ռեսուրսների կառավարման թափանցիկության բարձրացման ուղղությամբ առաջընթացը։
Ներկայացվել է հանքարդյունաբերության ոլորտում միջազգային չափանիշների ներդրման և ներդրողների վստահության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Ասատուր Վարդանյանը ներկայացրել է նաև հանքային պաշարների հաշվետվողական համակարգի բարեփոխումները, մասնավորապես՝ CRIRSCO-ի անդամակցության ուղղությամբ իրականացված քայլերն ու հաջողությունները։ Նախարարի տեղակալն առանձին հանդիպում է ունեցել նաև Սաուդիան Արաբիայի հանքային ռեսուրսների կառավարման նախարարի տեղակալ Աբդուլռահման Կ․ Ալբելուշի հետ։ Քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության հնարավորությունները։

