ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսին և նույն բաժնի ներկայացուցիչ Սոնյա Լոպեսին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրոպական Միության միջև ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի շուրջ։ Կողմերն անդրադարձել են մի շարք ճանապարհաշինական առաջնահերթ ծրագրերի, այդ թվում՝ Հյուսիս–հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան–Քաջարան հատվածի շինարարական աշխատանքներին, Քաջարանի թունելի և Գյումրին շրջանցող ճանապարհի կառուցման ծրագրերին, որոնք ունեն ռազմավարական նշանակություն երկրի տրանսպորտային կապերի զարգացման և երթևեկության ավելացող հոսքերի սպասարկման տեսանկյունից։
Երկուստեք ընդգծվել է, որ նշված ծրագրերի իրականացումը կնպաստի Հայաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների արդիականացմանը, տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնմանը։



