ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն հանդիպել է ԵՄ ԱԳԵԾ և Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության համատեղ պատվիրակության հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների ծառայության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով կառավարող տնօրենի տեղակալ Օդրոնե Պերկաուսկինեի և Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և Արևելյան հարևանության գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Էդրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությանը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Եվրոպական Միության միջև էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում ընթացիկ և նախատեսվող ծրագրերի վերաբերյալ՝ ընդգծելով համատեղ օրակարգի և նախագծերի իրականացման կարևորությունը։ Քննարկվել են էներգետիկայի ոլորտի տեխնիկական աջակցության տրամադրման, ինչպես նաև տրանսպորտային ոլորտում ճանապարհային անվտանգության բարձրացման, բարեփոխումների իրականացման և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում համագործակցության ուղղությունները։
Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ երկխոսությունը և խորացնելու համագործակցությունը տարբեր ուղղություններով։





