ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է Տաջիկստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի պատվիրակությանը
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդունել է Տաջիկստանի ԱՃԹՆ-ի բազմաշահառու խմբի պատվիրակությանը, որի ՀՀ այցելության նպատակը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի դրական փորձի ուսումնասիրումն է։
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ՏԿԵ ընդերքի և արտաքին կապերի վարչությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) քարտուղարության ղեկավար Լուսինե Թովմասյանը և ԱՃԹՆ փորձագետ Հասմիկ Մանուկյանը։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը, խոսելով բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումից, առանձնացրել է մի շարք գործոններ, ինչպես նաև օրենսդրական գործիքակազմեր, որոնք նպաստում են աշխատանքի թափանցիկությանը և բարձրացնում են պետության հանդեպ քաղաքացիական հասարակության վստահությունը՝ շեշտելով այն հանգամանքը, որ ՀՀ-ն ունի հստակ քաղաքական կամք ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում։
Կարևորելով ՀՀ-ում տարբեր կազմակերպությունների կողմից ներդրումներ իրականացնելու հանգամանքը՝ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը շեշտել է, որ ՀՀ-ն հետաքրքրված է այն կազմակերպություններով, որոնք որդեգրել են բաց և թափանցիկ գործելաոճը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության շարունակության հարցում։