ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում ԳԴՀ դեսպան Կլաուդիա Բուշին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել գերմանական կողմի հետ ունեցած համագործակցության կարևորությունը։ Խուդաթյանն առանձնացրել է Հայաստանում համատեղ իրականացվող մի շարք հաջող ծրագրեր, որոնց թվում է համայնքներում Քաղաքացիների սպասարկման գրասենյակների հիմնումը, որտեղ քաղաքացիները «մեկ պատուհան» սկզբունքով կարողանում են օգտվել մի շարք ծառայություններից։
Նախարարը կարևորել է նաև միջտարածաշրջանային համագործակցությունը, ընդգծել , որ Հայաստանի և Գերմանիայի միջև միջտարածաշրջանային համագործակցությունը բավական ընդգրկուն է։ Ակտիվ ընթացքի մեջ է Հայաստանի և Գերմանիայի մի շարք մարզերի ու քաղաքների միջև համագործակցությունը։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև էներգետիկ և ջրային ոլորտներում համագործակցության վերաբերյալ հարցերին, աշխատանքային այլ հարցերի ևս։