ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը մասնակցել է Միջազգային տրանսպորտային լոգիստիկ ֆորումին
2026թ․ ապրիլի 1–3-ը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատվիրակությունը նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի գլխավորությամբ մասնակցել է Միջազգային տրանսպորտային լոգիստիկ ֆորումին, որն անցկացվել է առաջին անգամ Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում։
Հայկական պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների 10-րդ և ԱՊՀ համակարգող տրանսպորտային խորհրդակցության կոմիտեի (КТС СНГ) 45-րդ նիստերին, ԵԱՏՄ անդամ պետությունների տրանսպորտային վերահսկողության մարմինների ղեկավարների խորհրդակցությանը, «Եվրասիական տրանսպորտային միջանցքներ․ ինտեգրացիա և «անխափան լոգիստիկա» լիագումար քննարկմանը, «Թվային հարթակների համընդհանուր ինտեգրում․ ինչպես ստեղծել միասնական տարածք միջազգային լոգիստիկայի համար» պանելային քննարկմանը և Ճանապարհային տնտեսության ստանդարտացման միջպետական տեխնիկական կոմիտեի խորհրդի նիստին:
Ֆորումի շրջանակներում նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նաև անցկացրել է երկկողմ հանդիպումներ ռուսական, ղազախական, ուզբեկական կողմերի, ինչպես նաև Մոսկվայի քաղաքապետի տեղակալի հետ։ ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար/Կոլեգիայի անդամ Արզիբեկ Կոժոշևի կողմից ԱԿՎ ԵԱՏՄ բաժնի պետ Վիոլետա Աղաջանյանին տրվեց շնորհակալագիր՝ տրանսպորտի ոլորտում ինտեգրացիոն գործընթացների զարգացման գործում ներդրած ավանդի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում բնագավառի զարգացման խնդիրների արդյունավետ լուծման համար։




