Գորիսում տեղի է ունեցել GIZ-ի կողմից իրականացվող «Կանայք՝ սոցիալական ինտեգրման հիմնական դերակատարներ» խորագրով երրորդ միջոցառումը
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի Կանանց հզորացման ակումբի՝ «Կանայք՝ սոցիալական ինտեգրման հիմնական դերակատարներ» խորագրով երրորդ միջոցառումը տեղի ունեցավ Գորիսում 2024թ. ապրիլի 9-ին:
Ակումբի սույն միջոցառման նպատակն էր նպաստել տեղահանված անձանց ներգրավվածությանը համայնքային կյանքում, նրանց ակտիվ մասնակցությանը որոշումների կայացման գործընթացներին, քննարկել ներկայիս մարտահրավերները, սոցիալական աշխատողների դերը, քաղհասարակության աջակցությունը և այլ թեմաներ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի պորտֆելի ղեկավար Լետիցիա Կարնեվալին, «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Թոմ Լանդեսը, ծրագրի խորհրդատու Լիկա Մկրտչյանը, փորձագետ Մարգարիտա Հակոբջանյանը, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը:
Ակումբի բանախոսներն էին «Առաքելություն Հայաստան» ՀԿ Սյունիքի պատասխանատու Անժելա Գրիգորյանը, Գորիսի մամուլի ակումբի նախագահ Սուսաննա Շահնազարյանը, «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ նախագահ Արտաշես Տոռոզյանը, «Սիսիանի զարգացման նախաձեռնություններ» ՀԿ նախագահ Հասմիկ Ասատրյան-Ազոյանը, Գորիսի համայնքապետարանի հանրային կապերի բաժնի պետ Արմինե Հովակիմյանը:
Հաջողության բանաձև խորագրում հանդես եկան Վիննետ Գորիսի նախագահ Ռուզաննա Տոռոզյանը և Արցախից տեղահանված Սաթենիկ Դալլաքյանը, ովքեր ներկայացրեցին վերջինիս հաղթահարած բարդություններն ու սեփական բիզնես հիմնելու մարտահրավերները:
Աշխատանքային խմբերում ներկաները քննարկեցին մարզպետարանի, համայնքների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ակտիվ անհատների և նախաձեռնող խմբերի կողմից իրականացված ծրագրերն ու տեղահանված անձանց տրամադրած աջակցությունը, ներկայացվեցին տեղական ՀԿ-ների կողմից իրականացված կարիքների գնահատման արդյունքներն ու հետագա անելիքները համայնքային մակարդակում, ինչպես նաև այդ անձանց սոցիալ-հոգեբանական ինտեգրմանը նպաստող միջոցառումներն ու մոտեցումները:
Կանանց հզորացման ակումբի հիմնական նպատակն է աջակցել կանանց դերակատարության բարձրացմանը Հայաստանի համայնքներում և տեղական ինքնակառավարման մարմիններում, բարելավել նրանց կարողություններն ու հմտությունները որոշումների կայացման գործընթացներին ակտիվ ներգրավվելու համար, համայնքների հանրային, քաղաքական և սոցիալական ոլորտներում ապահովել կանանց և տղամարդկանց հավասար մասնակցություն:
«Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրն իրականացվում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) ցուցաբերած աջակցության շնորհիվ: Ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ: