Մեկնարկել է համայնքներում 2030 Օրակարգի և Կայուն զարգացման նպատակների տեղայնացման նախաձեռնությունը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ) «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման» ծրագրի շրջանակներում մեկնարկել է ՀՀ համայնքներում ՄԱԿ-ի 2030 Օրակարգի և Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) տեղայնացման նախաձեռնությունը։ Նպատակն է բարելավել ՀՀ համայնքների կարողությունները, որպեսզի վերջիններս ակտիվորեն պլանավորեն և առաջնորդեն իրենց համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացումը՝ 2030 Օրակարգի առանցքային սկզբունքներին և նպատակներին համապատասխան։
Նախաձեռնությունը համահունչ է նաև ս.թ. մարտի 22-ին Եվրոպայի խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի (ԵԽ Կոնգրես) «Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) տեղայնացումը» թեմայով նիստի ժամանակ ընդունված հանձնարարականին, որով կոչ է արվում կառավարություններին արագացնել ԿԶՆ-ների տեղայնացումը: ՏԿԵՆ-ը հանձնառու է ՏԻՄ-երին տրամադրել անհրաժեշտ կարողություններ և գործիքներ իրենց զարգացման պլանավորման համատեքստում 2030 Օրակարգի և ԿԶՆ-ների ներառման և առաջմղման համար։ Նախաձեռնության իրականացումը հիմնված է երկու առանցքային բաղադրիչների վրա՝
1. Նախաձեռնությունը պետք է համայնքներին հնարավորություն տա կատարելագործել իրենց զարգացման օրակարգի պլանավորումը, հաշվետվողականությունը, առաջնահերթությունների սահմանումը և արդյունքամետությունը՝ իրենց ռազմավարական փաստաթղթերում (ՏԱՊ, հնգամյա զարգացման պլան) ներառելով 2030 Օրակարգի սկզբունքները և ԿԶՆ թիրախներն ու ցուցանիշները։
2. Առկա կարիքների վերլուծության հիման վրա համայնքները հնարավորություն ունեն մշակել ծրագրային առաջարկներ և ընտրվելու դեպքում՝ իրականացնել զարգացման ծրագրեր՝ դրանք հստակորեն բխեցնելով 2030 Օրակարգի դրույթներից և նպաստելով տեղերում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը։
Առաջին բաղադրիչի շրջանակներում արդեն իսկ ս.թ. մարտի 17-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ 70 համայնքների ներկայացուցիչների համար երեք փուլով իրականացվել են վերապատրաստման երկօրյա դասընթացներ, որի շրջանակներում մասնակիցները ծանոթացել են 2030 Օրակարգի էությանը, սկզբունքներին, ԿԶՆ գլոբալ համակարգին և համայնքային ՏԱՊ-երում ԿԶՆ-ների ներառման նոր մշակված մեթոդաբանությանը։ Վերջինի վերաբերյալ կազմվել է նաև համառոտ ուղեցույց և տրամադրվել համայնքներին՝ իրենց հետագա աշխատանքներում կիրառելու նպատակով։
Երկրորդ բաղադրիչի շրջանակներում ապրիլի 13-ին հայտարարվել է դրամաշնորհային ծրագրերի հայտ-առաջարկների կանչ՝ միտված աջակցելու ՀՀ համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված փոքր և միջին ծրագրերին՝ առանցքում դնելով կայուն զարգացման 2030 Օրակարգը և ԿԶՆ-ները։ Ծրագրային առաջարկները պետք է առնչվեն 2030 Օրակարգին և ԿԶՆ-ներին առնչվող որևէ ասպեկտի (տնտեսական զարգացում, սոցիալական ինտեգրում, բնապահպանություն կամ 2-3 ոլորտների զուգակցում)՝ հստակորեն ցույց տալով ծրագրի բերած նպաստը համայնքում ԿԶՆ-ների տեղայնացմանը։ Հատկապես խրախուսելի են համայնքներում նորարարությունը խթանող, կլիմայի փոփոխությանը հարմարվողականության տեսանկյունից դրական ազդեցություն ունեցող, ինչպես նաև ոչ կենտրոն բնակավայրերում իրականացվող ծրագրերը։ Ծրագրային առաջարկները պետք է հիմնվեն 2030 Օրակարգի առանցքային սկզբունքների վրա։
Հայտ-առաջարկների ներկայացման վերջնաժամկետը ս.թ. մայիսի 17-ն է։
Ողջ նախաձեռնության իրականացման գործում կարևոր դեր է վերապահված համայնքների տնտեսական զարգացման աշխատանքային խմբին (ՀՏԶ ԱԽ), այդ թվում՝ համայնքներին խորհրդատվություն ՏԱՊ-երի և ԿԶՆ-ների միջև կապի հաստատման և դրամաշնորհային հիմնադրամի շրջանակներում ծրագրային հայտերի մշակման և ներկայացման գործում, ինչպես նաև ծրագրային հայտերի վերաբերյալ մասնագիտական եզրակացությունների կազմում։


