ՏԿԵ նախարարն ընդունել է ՀԲ հայաստանյան գրասենյակի տնօրենին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարը բարձր է գնահատել ՀԲ-ի հետ համագործակցությունն ու մինչ այժմ համատեղ իրականացված ծրագրերը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է ջրային ոլորտում ենթակառուցվածքների զարգացմանն առնչվող հարցեր՝ մասնավորապես ոռոգման և ջամբարաշինության, խմելու ջրի համակարգերի զարգացման հեռանկարներին, ՋՕԸ-ների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր։ Կարևորվել է նաև կենտրոնացված կառավարումից դուրս մնացած բնակավայրերի խմելու ջրի մատակարարման խնդիրը, որի ուղղությամբ ևս պետք է ինտենսիվ աշխատանքներ տարվեն։ Քննարկվել է նաև ջրային ոլորտում պետական-մասնավոր համագործակցությանն առնչվող հարցեր։ Նախարարն ընդգծել է, որ ջրային ոլորտում շատ անելիքներ կան, ջրամբարաշինությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է և ողջունելի կլինի այս ոլորտում տարվող աշխատանքներում տեսնել ՀԲ-ի աջակցությունը։ Կարոլին Գեգինատն իր հերթին նշել է, որ Հայաստանը հավակնոտ ծրագրեր ունի ջրամբարաշինության վերաբերյալ և անհրաժեշտոթւյան դեպքում հունիսին ՀԲ-ն կարող է ներկայացնել իր տեսլականը այդ հարցում Հայաստանին աջակցություն տրամադրելու վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հունիսին կրկին հանդիպել։






