Նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է «ԴԱՐ տարածքային զարգացման և մրցունակության հիմնադրամի» ներկայացուցիչների հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպում է ունեցել «ԴԱՐ տարածքային զարգացման և մրցունակության հիմնադրամի» ներկայացուցիչների հետ: Քննարկմանը ներկա են եղել նաև Ջրային կոմիտեի նախագահի տեղակալները, ՀՀ ՏԿԵ նախարարության տարբեր ստորաբաժանման ղեկավարներ: Հանդիպման նպատակն էր նախարարության գործընկերներին մանրամասն ներկայացնել «Գագարին նախագիծը»: Նախագիծով ենթադրվում է ձևավորել կայուն զարգացող և նորարար կենսակերպով ինքնաբավ համայնք՝ նպաստելով բնակիչների բարեկեցությանը, համայնքի, ներդրողների և այլ շահառուների համար գրավիչ և կանխատեսելի գործընկերոջ կայացմանը: Համախմբելով թիրախային բնակավայրերի բնակիչների, շահառու կառույցների, տեղական ու միջազգային լավագույն մասնագիտական փորձագիտական խմբերի և համաներդրողների ներուժը՝ նախագիծը կուրվագծի տարածքային զարգացման համապարփակ երկարաժամկետ այն կայուն մոդելը, որը կնպաստի առկա մարդկային ներուժի բացահայտմանն ու ինքնադրսևորմանը: Վաչե Տերտերյանը շեշտել է, որ ճանապարհաշինության, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, էներգետիկայի, աղբահանության և համայնքների կայուն զարգացման համար բացի պետական ներդրումներից կարևոր են նաև նման նախագծերի առկայությունը: Նախագիծը ներկայացնելուց հետո տեղի է ունեցել քննարկում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել հանդիպումները, քննարկումները՝ ներգրավելով նաև այլ գերատեսչությունների գործընկերներին՝ աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար:





.jpg)

