ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գևորգ Թորոսյանին նշանակել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ։
Ստորև ներկայացնում ենք Թորոսյանի կենսագրությունը.
Ծնվել է 1977 թ. հուլիսի 7-ին։ 1994–1999 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում՝ «Միջազգային տնտեսագիտություն» մասնագիտությամբ։ Ավարտել է գերազանցությամբ։
1996–2000 թթ. սովորել է Հրաչյա Աճառյանի անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ «Միջազգային իրավունք» մասնագիտությամբ։ Ավարտել է գերազանցությամբ։
1999–2002 թթ. գիտահետազոտական աշխատանք է կատարել Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտում, իսկ 2001–2002 թթ.՝ նաև Գերմանիայի Մյունստերի համալսարանում։ Ունի տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։
Ատենախոսությունը նվիրված է օտարերկրյա ներդրումների ներգրավման ինստիտուցիոնալ խնդիրներին։ 2003–2004 թթ. սովորել է Շվեյցարիայի Բեռնի համալսարանի Առևտրի համաշխարհային ինստիտուտում։ Մագիստրոսական ծրագիրն ավարտել է գերազանցությամբ՝ ստանալով միջազգային առևտրի իրավունքի և տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։
2004–2011 թթ. աշխատել է որպես անկախ խորհրդատու՝ Համաշխարհային բանկի, ԱՄՆ կառավարության և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում։ Խորհրդատվություն է տրամադրել առևտրի դյուրացման, ԵՄ օրենսդրությանը մոտարկման, ենթակառուցվածքային բարեփոխումների և օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցերով։
2005–2010 թթ. դասավանդել է Հայաստանում ֆրանսիական համալսարանում՝ մագիստրոսական ծրագրի շրջանակում վարելով միջազգային տնտեսագիտության և առևտրի, միջազգային տնտեսական իրավունքի և Առևտրի համաշխարհային կազմակերպության իրավունքի դասընթացներ։
2006–2008 թթ. «Emerging Markets Group» ընկերությունում (նախկինում՝ «Deloitte Touche Tohmatsu Emerging Markets») աշխատել է որպես իրավական և կարգավորման հարցերով խորհրդատու՝ ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Հայաստանում բանկային և կապիտալի շուկաների զարգացման ծրագրի շրջանակում։
2011–2017 թթ. Վաշինգտոնում աշխատել է «The Pragma Corporation» ընկերությունում՝ որպես ծրագրերի ավագ ղեկավար։ Համակարգել է ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ իրականացվող՝ ծրագրեր Արևելյան Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում։ Այդ ծրագրերի շրջանակում ղեկավարել է առևտրի և ներդրումների միջավայրի բարելավման ու ձեռնարկությունների մրցունակության բարձրացման աշխատանքները, ինչպես նաև համակարգել պետություն–մասնավոր գործընկերության զարգացման և ենթակառուցվածքային բարեփոխումների աշխատանքները։ Ապահովել է Հայաստանում ավիացիայի ոլորտի ազատականացման և «բաց երկնքի» քաղաքականության ներդրմանն ուղղված աշխատանքների մասնագիտական ղեկավարումը։
2017–2023 թթ. աշխատել է որպես անկախ խորհրդատու և խորհրդատվական խմբերի ղեկավար։ Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԱՄՆ կառավարության և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակում զբաղվել է տնտեսական զարգացման ծրագրերի գնահատմամբ, ինչպես նաև ԵՄ օրենսդրությանը մոտարկման, ենթակառուցվածքային ոլորտների կարգավորման դաշտի բարելավման և պետական կառավարման թվայնացման հարցերով։ Այդ աշխատանքներն իրականացրել է Հայաստանում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայի երկրներում։
2018–2022 թթ. եղել է Համաշխարհային բանկի խորհրդատու՝ կարգավորման ազդեցության գնահատման և փաստահեն քաղաքականության մշակման հարցերով։
2021–2022 թթ. եղել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության՝ GIZ-ի խորհրդատու՝ ավիացիայի ոլորտի բարեփոխումների հարցերով։ Իրականացրել է ուսումնասիրություն՝ գնահատելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեին ֆինանսական և տեխնիկական աջակցություն տրամադրելու հնարավոր ուղղությունները։
2023–2026 թթ. Վաշինգտոնում գործող «Integra Government Services International» ընկերությունում զբաղեցրել է ծրագրերի գնահատման և տնտեսական հետազոտությունների տնօրենի պաշտոնը։ Ղեկավարել է ԱՄՆ պետքարտուղարության, ԱՄՆ աշխատանքի դեպարտամենտի, ՄԶԳ-ի և Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի ֆինանսավորմամբ Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի և Ամերիկայի տարբեր երկրներում իրականացվող ծրագրեր։ Մասնագիտական գործունեության ընթացքում խորհրդատվություն է տրամադրել ինչպես ենթակառուցվածքների զարգացման, այնպես էլ ոլորտային քաղաքականության, իրավական կարգավորման և ինստիտուցիոնալ բարեփոխումների հարցերով՝ բանկային և կապիտալի շուկաների, պետական կառավարման համակարգի թվայանացման, էներգետիկայի, փոստային ծառայությունների և ավիացիայի ոլորտներում։
Տիրապետում է հայերենին, անգլերենին և ռուսերենին։
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և մեկ որդի։