Հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը մասնակցել է Համաշխարհային բանկի խմբի տարածաշրջանային կապակցվածության բարձր մակարդակի համաժողովին՝ Անդրկասպյան տրանսպորտային միջանցքին նվիրված նախարարական երկխոսությանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է, թե ինչ կարող է Հայաստանն առաջարկել տարածաշրջանային և միջտարածաշրջանային կապակցվածությանը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, այդ թվում՝ TRIPP երթուղու շրջանակում։
Նա ընդգծել է, որ նախագիծն իրականացվում է պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային իրավազորության լիարժեք հարգման սկզբունքի հիման վրա։
Դավիթ Իվանյանը առանձնացրել է Համաշխարհային բանկի հետ համագործակցության երեք ուղղություն․
▪️ Հայաստանի ամբողջական ներառումը Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի հետագա ուսումնասիրություններում՝ նույն մեթոդաբանությամբ և ցուցանիշներով, ինչ միջանցքի երկրների համար
▪️ Հայաստանի մասնակցությունը միջանցքի կանոնների մշակմանը, այդ թվում՝ թվային փաստաթղթաշրջանառության և ընթացակարգերի ներդաշնակեցման ոլորտում
▪️ նախագծերի նախապատրաստման հատուկ գործիքի ստեղծումը, որպեսզի երթուղիների բացման պահին Հայաստանն ունենա ներդրումների համար պատրաստ նախագծեր։
Անդրադառնալով առևտրային երթուղիների կայունությանը՝ նախարարի տեղակալը նշել է, որ Վրաստանը Հայաստանի հիմնական առևտրային և տրանզիտային գործընկերն է, իսկ Վրաստանի սահմանային և նավահանգստային ենթակառուցվածքներում ներդրումները նպաստում են նաև Հայաստանի կայունությանը։
Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև 2018 թվականից ի վեր 2000 կմ-ից ավելի ճանապարհների վերականգնման, սահմանային ընթացակարգերի պարզեցման և տրանսպորտային ցանցի կլիմայական կայունության բարձրացման ուղղությամբ կատարվող աշխատանքները: