
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր աշխատանքային այցով Տավուշի մարզում էր։
Նախարարը Տավուշի մարզպետ հայկ Ղալումյանի, Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի ղեկավար կազմի հետ շրջել է մարզի համայնքներում և ծանոթացել պետական բյուջեի, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինարարական աշխատանքներին:
Նախարարը նախ դիտարկել է Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի ասֆալտապատման և մայթերի հիմնանորոգում աշխատանքները, ինչպես նաև Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Հ-30 ավտոճանապարհի հետ հատման հատվածում ջրհեղեղի հետևանքով ողողված և փլուզված ավելի քան 10 տեղամասերի վերակառուցման աշխատանքները։
Տավուշում ընթանում են նաև Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի նոր մետաղական կամրջի կառուցման աշխատանքները, որոնք ավարտական փուլում են։ Շինաշխատանքների արժեքը կազմում է 495 271 827 ՀՀ դրամ։
Նախարարը դիտարկել է նաև Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության, ինչպես նաև Վերին Ծաղկավանի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը։ Բոլոր շինհրապարակներում նախարարը հանձնարարել է խստիվ հետևել շինարարության ժամկետներին և կատարվող աշխատանքների որակին։