Տեղի է ունեցել «Մասնակցային բյուջետավորման գործընթացում երիտասարդների մասնակցության խթանում» խորագրով համանախագծման աշխատաժողով
Հունիսի 25-ին տեղի է ունեցել «Մասնակցային բյուջետավորման գործընթացում երիտասարդների մասնակցության խթանում» խորագրով համանախագծման աշխատաժողով։
Միջոցառման բացմանը տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչների թվում ելույթ է ունեցել ՀՀ ՏԿԵՆ ֆինանսական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության համայնքային բյուջեների բաժնի պետ Լորիս Մուրադյանը` ընդգծելով տեղական մակարդակում երիտասարդների ներգրավվածության և թափանցիկ կառավարման կարևորությունը։
Աշխատաժողովի առանցքում երիտասարդների ներգրավման հայեցակարգային մոտեցումներն էին, որոնք միտված են տեղական մակարդակում առավել ներառական, թափանցիկ ու հաշվետու մասնակցային կառավարման մշակույթի ձևավորմանը։
Ծավալված բովանդակային քննարկումների և խմբային աշխատանքների միջոցով մասնակիցները նախանշել են երիտասարդության մասնակցության խթանման գործուն մեխանիզմներ ու համագործակցության նոր ձևաչափեր։
Նմանատիպ նախաձեռնությունների հաջող ընթացքը լավագույնս փաստում է համայնքային զարգացման գործընթացների նկատմամբ երիտասարդների բարձր հետաքրքրվածությունն ու նրանց ներուժի արդյունավետ իրացման կարևորությունը։
Միջոցառումն իրականացվել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությամբ։
