ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը մասնակցել է համաժողովի
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանն այսօր մասնակցել է «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված սոցիալական ծառայություններ» ծրագրի ամփոփիչ համաժողովին։
Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, պետական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ծրագրի շահառուներ։
«Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված սոցիալական ծառայություններ» ծրագիրն իրականացվել է Սյունիքի մարզի տարբեր համայնքներում. այն նպաստել է մարզում համայնքահեն սոցիալական ծառայությունների համակարգի զարգացմանն ու որակի բարելավմանը, բնակչության համար դրանց հասանելիությունը՝ համատեղելով պետության, համայնքների և քաղհասարակության ջանքերը։
Համաժողովի բացման ելույթում ՏԿԵ նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս ծրագիրը լավ օրինակ է, թե ինչ արդյունքների կարելի է հասնել, երբ պետությունը, տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքացիական հասարակությունը եւ միջազգային գործընկերները միավորում են իրենց ջանքերը մեկ ընդհանուր նպատակի շուրջ։
«Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության համար այս նախաձեռնությունն ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ այն համահունչ է մեր կարեւորագույն առաջնահերթություններից մեկին՝ համայնքների հզորացմանն ու հանրային ծառայությունների ապակենտրոնացմանը։ Մեզ համար ապակենտրոնացումը միայն լիազորությունների փոխանցում չէ։ Դա նշանակում է, որ համայնքները պետք է կարողանան առավել ինքնուրույն բացահայտել իրենց բնակիչների կարիքները, ձեւավորել լուծումներ եւ մատուցել այնպիսի ծառայություններ, որոնք իսկապես անհրաժեշտ են տվյալ համայնքին»,-ասել է Ավետիսյանն՝ ավելացնելով, որ ծրագրի արդյունքում Սյունիքի բոլոր յոթ համայնքներում մշակվել են համայնքային սոցիալական պլաններ, ստեղծվել եւ փորձարկվել են նոր սոցիալական ծառայություններ, ավելի քան հազար բնակիչ ստացել է անհրաժեշտ աջակցություն, իսկ մի շարք հասարակական կազմակերպություններ արդեն շարունակում են ծառայությունների մատուցումը պետական ֆինանսավորմամբ։
Առնակ Ավետիսյանը վստահություն է հայտնել, որ Սյունիքում ձեւավորված այս փորձը օգտակար կլինեի նաեւ Հայաստանի մյուս համայնքների համար եւ կնպաստի ավելի արդյունավետ, մարդակենտրոն եւ համայնքահեն սոցիալական ծառայությունների զարգացմանը։
