Միջհամայնքային համագործակցության զարգացման և օրենսդրական բարեփոխումների հնարավորությունները․ Աշխատաժողով Դիլիջանում
Հունիսի 18-19-ին Դիլիջանում կայացել է երկօրյա աշխատաժողով՝ նվիրված Հայաստանում միջհամայնքային համագործակցության զարգացմանը, դրա օրենսդրական հիմքերի կատարելագործմանը և տեղական ու միջազգային փորձին։ Միջոցառումը համախմբել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի համայնքների միության, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, միջազգային գործընկերների ներկայացուցիչներին և ոլորտի փորձագետների։
Աշխատաժողովի բացման խոսքով հանդես են եկել Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի Խաղաղ և ներառական հասարակությունների ոլորտի համակարգող Թոմ Լանդեսը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ներկայացուցիչներ:
Միջոցառման ընթացքում քննարկվել են Հայաստանում միջհամայնքային համագործակցության ամրապնդմանն ուղղված նախատեսվող օրենսդրական բարեփոխումները, ապակենտրոնացման օրակարգի առաջընթացը, ինչպես նաև համայնքների միջև համագործակցության հաջողված միջազգային փորձը։ Մասնակիցները ծանոթացել են պիլոտային նախաձեռնությունների հայեցակարգերին և գործնական օրինակներին։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել այն հարցին, թե ինչպես կարող են համայնքները համատեղ ուժերով ավելի արդյունավետ կազմակերպել ծառայությունների մատուցումը, ապահովել համագործակցության կայուն կառավարում և ֆինանսավորում, ինչպես նաև խթանել քաղաքացիների մասնակցությունն ու կանանց առաջնորդությունը տեղական զարգացման գործընթացներում։ Բացի այդ, մասնակից համայնքների ներկայացուցիչները ներկայացրել են միջհամայնքային ճանաչողական այցերի արդյունքները և կիսվել համայնքային համագործակցության իրենց փորձով։
Առանձին քննարկման թեմա են դարձել կանանց առաջնորդության հաջողված օրինակները տեղական ինքնակառավարման համակարգում։ Քննարկումներին մասնակցել են նաև երիտասարդական կենտրոնների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, լրատվամիջոցների, շրջակա միջավայրի և համայնքային զարգացման ոլորտների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրել են Հայաստանի համար կիրառելի փորձառություններ և համագործակցության նոր հնարավորություններ։
Աշխատաժողովը կարևոր հարթակ է ստեղծել համայնքների, պետական կառույցների և զարգացման գործընկերների միջև երկխոսության համար՝ նպաստելով ավելի արդյունավետ, ներառական և կայուն տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորմանը Հայաստանում։
Նախաձեռնությունն իրականացվել է GIZ-ի կողմից իրականացվող «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների համաֆինանսավորմամբ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ:
