ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանեհ Սադեղի և նրա տեղակալի հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ Թեհրանում հանդիպել են ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանեհ Սադեղի և նախարարի տեղակալ Ռեզա Ակբարիի հետ: Կողմերը ողջունել են երկու երկրների միջև համագործակցությունը տրանսպորտի ոլորտում:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկու երկրներում բեռնատարներից գանձվող ճանապարհային հարկերը փոխադարձ նվազեցնելու և/կամ չեղարկելու հարցերը:
Կողմերը համաձայնել են մասնագիտական խմբերի հանդիպում կազմակերպել առաջիկայում` քննարկելու գանձվող ճանապարհային հարկերի երկուստեք արտոնությունների տրամադրման հնարավոր տարբերակները:
Քննարկվել են նաև ավտոմոբիլային բեռնափոխադրումների թվայնացման, մասնավորապես` e-CMR բեռնագրերի կիրառման հետ կապված հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել հարաբերությունները բեռնափոխադրումների թվայնացման ոլորտում:





