
Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչները գործադիր տնօրենի տեղակալ Բերտրան Ուոլքենաերի գլխավորությամբ այսօր այցելեցին Վեդիի ջրամբար՝ տեղում ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին։
Նրանց ուղեկցում էին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը։
Պատվիրակության անդամներին ներկայացվել է Վեդիի ջրամբարի պատվարի և ոռոգման համակարգերի շինարարության ամբողջ ընթացքը։
Վեդու ջրամբարը կառուցվում է ՀՀ Արարատի մարզում՝ Վեդի գետի աջափնյա Կոտուց սելավատարի վրա, ջրամբարը լցնելու համար ջրաղբյուր են հանդիսանում Վեդի և Խոսրով գետերի գարնան ամիսների վարարային/ազատ հոսքը: Ջրամբարի ընդհանուր ծավալը կազմում է 29․4 մլն մ3։
Ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագիրը ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 90 մլն Եվրո։ Վեդու ջրամբարի իշխման տակ են գտնվում ավելի քան 3220 հա ոռոգելի հողատարածքներ։ Ջրամբարի պատվարի շինարարությունն արդեն ավարտական փուլում է։ Աշխատանքների 97% կատարված է։
Ավարտված են ջրի փոխադրող ու ոռոգման համակարգերի շինարարական աշխատանքները, իսկ փորձնական տարածքներում ոռոգման ներտնտեսային ցանցի կառուցման աշխատանքները շարունակվում են և կավարտվեն այս տարեվերջին։