
Համայնքներում շարունակվում են մասնակցային բյուջետավորմամբ ձևավորվող փորձնական ծրագրերի իրականացման աշխատանքները։ Դրանց սահուն ընթացքն ապահովելու նպատակով՝ ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ, ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ և ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքներում 2024թ․ հունվարի 26-ին, փետրվարի 1-ին, 8-ին, 20-ին, 21-ին և 26-ին ՀՀ ՏԿԵՆ ֆինանսական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության համայնքային բյուջեների բաժնի պետ Լորիս Մուրադյանը և ՀՀ ֆինանսների նախարարության գործընկերները մասնակցել են վերոնշյալ համայնքներում մասնակցային բյուջետավորման գործընթացի շրջանակներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար քաղաքացիների կողմից ներկայացված առաջարկ-նախագծերի առնչությամբ կազմակերպված հանրային քննարկումներին:
Հանդիպումներին ներկա էին մասնակցային բյուջետավորման գործընթացի կառավարումն ապահովող հանձնաժողովը, ավագանու անդամներ, առաջարկ-նախագծեր ներկայացրած քաղաքացիներ, համայնքների ակտիվ բնակիչներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Արմավիրում հանրային քննարկմանն առցանց էլեկտրոնային հարթակի միջոցով միացել էին նաև ՌԴ ֆինանսների նախարարության Ֆինանսական գիտահետազոտական ինստիտուտի (НИФИ) փորձագետները` ներկայացնելով միջազգային պրակտիկայում մասնակցային բյուջետավորման ընթացակարգերին առնչվող փորձը: Ռուս փորձագետների հետ քննարկվեց նաև մասնակցային բյուջետավորման գործընթացի արդյունավետությունը, առավելությունները, ծրագրի իրականացման ընթացքում հնարավոր խնդիրները, կազմակերպվեց արդյունավետ խորհրդատվություն:
Հանրային քննարկմանը ծրագրային առաջարկների հեղինակ համայնքի բնակիչները ներկայացրեցին իրենց նախագծերը, դրանց նպատակը, կարևորությունը, ակնկալվող արդյունքները: Ներկայացված առաջարկ-նախագծերը վերաբերում էին ժամանցային, ոռոգման համակարգի կառուցման, ճանապարհաշինության և այլ ոլորտներին: Ծրագերի իրականցումն ապահովելու վերաբերյալ տեղի ունեցան բովանդակային քննարկումներ և խորհրդատվություններ։ Սահմանված չափանիշներին համապատասխանող և հանրային քննարկում անցած բոլոր ծրագրերը հրապարակվում են համայնքապետարանների կայքէջերում և ենթակա են քվեարկության սահմանված ժամանակահատվածում:
Անհրաժեշտ է նաև նշել, որ ՀՀ համայնքներում մասնակցային բյուջետավորման գործընթացի խթանման նպատակով ՀՀ 2024թ․ պետական բյուջեով վերոգրյալ համայնքների համար նախատեսվել է 500 մլն դրամ, որի տրամադրումը մասնակցային ընթացակարգերով իրականացնելու նպատակով ՀՀ կառավարությունը 2023թ. նոյեմբերի 2-ին ընդունել է «ՀՀ համայնքներում մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման նպատակով ՀՀ 2024 թվականի պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1890-Ն որոշումը։