ՀՀ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐ ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ
Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ:
Անցնող տարին հայ ժողովրդի համար գոյաբանական մարտահրավերներով լի տարի էր, որին հայկական պետականությունը իր ուժերի, ռեսուրսների գերլարմամբ տոկուն դիմադրողականության ոգի ցուցաբերեց:
Այս տարի Հայաստանի Հանրապետության ենթակառուցվածքային մեր ամենօրյա առանց այդ էլ բարդ աշխատանքին գումարվեց սեպտեմբերյան իրադարձություններով պայմանավորված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների ժամանակավոր կացարաններով և սննդով ապահովելու գործընթացը:
Տարեմուտի շեմին կարող ենք արձանագրել, որ մեր հայրենակիցներին ուղղված կարճաժամկետ միջոցառումներին 2024 և հաջորդող տարիներին փոխարինելու են գալու երկարաժամկետ և համակարգային լուծումներով միջոցառումներ: Այս աշխատանքներին զուգահեռ՝ անցնող տարում, ՀՀ ՏԿԵ նախարարությունը տոկուն կամքով և հետևողականորեն իրականացնում էր Կառավարության միջոցառումների ծրագրով իրեն վերապահված ծրագրերի իրականացումն ու թիրախային ցուցանիշների ապահովումը: Արդյունքում մեզ հաջողվել է ապահովել 98 տոկոս կատարողական: Այս ցուցանիշը ՏԿԵ նախարարությանը, մեր թիմին մոտիվացնում է և 2024 թվականին մղում նոր նշաձողերի սահմանման ու հաղթահարման:
Լիահույս եմ, որ եկող տարին մեր երկրի և ժողովրդի համար խաղաղության, կայուն գոյակցության, զարգացման և նորանոր նվաճումների տարի կլինի: Սեր և ընտանեկան ջերմություն եմ մաղթում բոլորիս ընտանիքներին:
Շնորհավոր նոր տարի
