ՀՀ ՏԿԵ ՆԱԽԱՐԱՐ ԳՆԵԼ ՍԱՆՈՍՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՏՆՕՐԵՆ ՖԱՆՆԻ ԴԵԼՊԵԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) գրասենյակի տնօրեն Ֆաննի Դելպեի գլխավորած պատվիրակությանը։
Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ Նախարար Սանոսյանը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել Զարգացման ֆրանսիական գործակալության հետ առկա բազմաշերտ համագործակցությունը և հույս հայտնել, որ առաջիկայում այդ համագործակցությունը ոչ միայն շարունակական կլինի, այլև կընդգրկի այլ ոլորտներ ևս։
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է ընդլայնել համագործակցության ուղղությունները և բյուջեն։
Հայաստանի տարբեր ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հավակնոտ փաթեթ է մշակվում, որի իրագործմանը ևս Զարգացման ֆրանսիական գործակալությունը մասնակից կլինի։
Հանդիպման ժամանակ քննարկվել են ԶՖԳ հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև Վեդու ջրամբարի կառուցման ընթացքը: Նախանշվել են համագործակցության նոր ուղղություններ։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։





