ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հանդիպել է ՀԲ-ի տրանսպորտի ավագ մասնագետ Մեսֆին Ջիջոյի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը հանդիպել է Համաշխարհային բանկի տրանսպորտի ավագ մասնագետ Մեսֆին Ջիջոյի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և կարևորել ՀՀ ՏԿԵ նախարարության և ՀԲ-ի առկա համագործակցությունը: Սիմոնյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումը կնպաստի առկա կապերի զարգացմանը և խորացմանը։
Հյուրերը շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և նշել, որ այցի նպատակն է քննարկել, հստակեցնել տրանսպորտային ոլորտում առկա խնդիրները, կարիքները, ոլորտում ռազմավարության առաջնահերթությունները:
Նախարարի տեղակալը հանգամանալից ներկայացրել է Հայաստանի օդային, երկաթուղային, ավտոմոբիլային և ջրային տրանսպորտի ոլորտներում ունեցած հնարավորությունները, առկա խնդիրները, կարիքները և նշել այն առավելությունները և հեռանկարները, որոնք կարող են առաջանալ տարածաշրջանում՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման պարագայում:
Խոսելով ոլորտի ռազմավարության մասին՝ Արմեն Սիմոնյանը շեշտել է, որ այս համատեքստում կան որոշակի քննարկումներ միջազգային տարբեր գործընկերների հետ և ցանկալի կլիներ ՀԲ-ի գործընկերների հետ ևս ունենալ քննարկումներ՝ մեթոդական և տեխնիկական աջակցության վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս:





