ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը շնորհակալագրեր է հանձնել «Երկաթուղայինի օրվա» կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը «Երկաթուղայինի օրվա» կապակցությամբ շնորհակալագրեր է հանձնել համակարգի մի շարք ներկայացուցիչների, այդ թվում՝ ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։
Նախարարի տեղակալն իր ելույթում ՀՀ ՏԿԵ նախարարի, նախարարության անձնակազմի և անձամբ իր անունից շնորհավորել է ներկաներին «Երկաթուղայինի օրվա» կապակցությամբ: Սիմոնյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ոլորտի վետերաններին՝ ընդգծելով, որ նրանց շնորհիվ է կայացել և զարգացել երկաթուղին՝ անխափան աշխատելով նույնիսկ պատմության ամենադժվարին ժամանակներում։
Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարիչ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը Կառավարության աջակցությամբ կշարունակի իր առաքելությունը՝ որպես որակյալ և մրցունակ տրանսպորտային կազմակերպության․«Հարգելի երկաթուղայիններ, ևս մեկ անգամ շնորհավորելով ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ` մաղթում եմ երջանկություն, առողջություն, հաջողություն և բարեկեցություն: Շնորհակալություն սրտացավ և բարեխիղճ աշխատանքի համար»,-եզրափակել է ՏԿԵ նախարարի տեղակալը։
Ավանդույթի համաձայն, մասնագիտական տոնի` «Երկաթուղայինի օրվա» (նշվում է օգոստոսի առաջին կիրակի օրը) նախաշեմին` օգոստոսի 4-ին, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն անցկացրել է առաջատար երկաթուղայինների պարգևատրման արարողություն։