ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մասնակցել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և կառավարման հարցերով եվրոպական կոմիտեի (CDDG) 17-րդ նիստին
CDDG 17-րդ նիստի ընթացքում քննարկվել են Կոմիտեի 2023 թվականի աշխատանքային ծրագիրը, մասնավորապես Ժողովրդավարական լավ կառավարման սկզբունքները, մասնակցային ժողովրդավարության, բազմաստիճան կառավարման, կանաչ հանրային կառավարման և էլեկտրոնային քվեարկությանը վերաբերող հարցերը։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նիստի ընթացքում հնչեցրած իր ելույթում բարձր է գնահատել Կոմիտեի կողմից կատարված արդյունավետ աշխատանքը Լավ ժողովրդավարական կառավարման սկզբունքների և Մասնակցային ժողովրդավարության վերաբերյալ առաջարկությունների նախագծի հաստատման ուղղությամբ: Նախարարի տեղակալը կարևորել է երկրների միջև փորձի փոխանակումը, որը Եվրոպայի խորհրդի անդամակցության առավելություններից է։ «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ժողովրդավարության և բաց կառավարման հարցերի շրջանակներում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հետ ձևավորել է կայուն և մշտապես զարգացող համագործակցության դաշտ, ինչի մասին է վկայում նաև «Ժողովրդավարական զարգացում. Ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» ծրագրի 2-րդ փուլի մեկնարկը»,- նշել է Վաչե Տերտերյանը:
Նախարարի տեղակալը անդրադարձ է կատարել Հայաստանի Հանրապետությունում լիազորությունների ապակենտրոնացման հայեցակարգի նախագծի կազմման աշխատանքներին, բարձր գնահատել Հայաստանի և Վրաստանի անդրսահմանային համագործակցությունը և կարևորել Փորձագիտական կենտրոնի ծրագրերի միջոցով իրականացված Հայաստանի և Վրաստանի սահմանակից համայնքների միջև մինչ այս կայացած Անդրսահմանային համագործակցության Առաջնորդության Ակադեմիայի 3 փուլերը:
Եզրափակելով ելույթը՝ Վաչե Տերտերյանը վստահեցրել է, որ Հայաստանը շարունակելու է իր ակտիվ համագործակցությունը ԵԽ գործընկերների հետ՝ տեղական բարեփոխումների ոլորտում լավագույն փորձի փոխանակման, Ժողովրդավարական լավ կառավարման սկզբունքների պահպանման և զարգացման ուղղությամբ։

