ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մասնակցել է Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի /E5P/ ներդրողների ասամբլեային
Դեկտեմբերի 9-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մասնակցել է Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի /E5P/ ներդրողների ասամբլեային:
Ասամբլեայի ընթացքում երկրները ներկայացրել են 2023թ․ ներդրումների բաշխվածությունը, իսկ E5P-ի կողմից ներդրումներ ստացած երկրները ներկայացրել են արդյունավետ համագործակցությամբ իրականացված ծրագրերը, գրանցած հաջողությունները։ E5P-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը միտված են խթանել երկրների դինամիկ զարգացումը։
Նախարարի տեղակալը իր ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Արևելյան Եվրոպայի էներգաարդյունավետության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամի /E5P/ բոլոր անդամներին զգալի աջակցության և ներդրումների համար, ընդգծելով հատկապես Հայաստանին Ֆինլանդիայի և Նորվեգիայի կողմից տրամադրած նոր ներդրումների կարևորությունը։ Նա ներկայացրել է ապագա ծրագրերի վերաբերյալ հայկական կողմի տեսլականը, որը հետագայում կքննարկվի ոլորտային փորձագետների և մյուս շահագրգիռ կողմերի հետ։
Իր երախտագիտական խոսքը եզրափակելով՝ Վաչե Տերտերյանը հույս է հայտնել, որ E5P-ի հետ Հայաստանի համագործակցությունը կունենա շարունական բնույթ, և ներկայացրել է E5P-ի աջակցությամբ իրականացվող 6 ծրագրերը, որոնք ուղղված են կոշտ թափոնների արդյունավետ կառավարմանը և Կոտայքում, Գեղարքունիքում ու Երևանում նոր սանիտարական աղբավայրերի կառուցմանը, Երևանում մանկապարտեզների էներգաարդյունավետության բարձրացմանը և նոր 12 մետրանոց ավտոբուսների ներդրմանը, ինչպես նաև Երևան և Գյումրի քաղաքներում լուսավորության ցանցի արդիականացմանը։


