ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն



Տարածքային կառավարման համակարգ

Տարածքային կառավարման համակարգը

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման հետ սկսեցին կազմավորվել վարչատարածքային այն միավորները, որոնք բնորոշ էին Խորհրդային Միությանը: Դա կարգավորվում էր ՀԽՍՀ Գերագույն Սովետի հրամանագրով հաստատված՝ <<ՀԽՍՀ վարչատերիտորիալ կառուցվածքի հարցերի լուծման կարգի մասին>> կանոնադրությամբ: Համաձայն գոյություն ունեցող իրավական ակտերի՝ բնակավայրերը դասակարգվում էին քաղաքայինի եւ գյուղականի: Ընդ որում, քաղաքային բնակավայրեր էին համարվում հանրապետական ենթակայության, շրջանային ենթակայության քաղաքները եւ քաղաքտիպ ավանները, իսկ գյուղական` գյուղերը եւ ավանները՝ անկախ դրանց վարչական ենթակայությունից: Հայաստանի Հանրապետության տարածքը բաժանվում էր 37 վարչական շրջանի:
 

ՀՀ-ում տարածքային կառավարման բարեփոխումներն սկսվեցին 1995թ-ից: Նորանկախ Հայաստանի Հանրապետության համար առաջնային դարձան պետական ինստիտուտների եւ պետական կառավարման համակարգի ներդրումը: Պետական կառավարման համակարգում կատարվող փոփոխություններն իրենց ամրագրումը ստացան 1995 թվականի հուլիսի 5-ին հանրաքվեով ընդունված Սահմանադրության մեջ:
 

Պետական կառավարման համակարգում վարչատարածքային բաժանումն առանձնահատուկ տեղ ունի եւ պատահական չէ, որ ՀՀ Ազգային Ժողովը պետական կառավարման համակարգի ժողովրդավարացմանն ուղղված օրենքների շարքում առաջնահերթ ընդունեց <<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին>> ՀՀ օրենքը, հիմք ընդունելով Սահմանադրության 104-րդ հոդվածը, համաձայն որի Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերն ու համայնքները, մարզերն կազմված են գյուղական եւ քաղաքային համայնքներից:
 

<<Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին>> ՀՀ օրենքի համաձայն Հայաստանի հանրապետության տարածքը բաժանվում է 10 մարզերի` դրանք են Արագածոտնի մարզ, Արարատի մարզ, Արմավիր մարզ, Գեղարքունիք մարզ, Լոռու մարզ, Կոտայքի մարզ, Շիրակի մարզ, Սյունիքի մարզ, Վայոց Ձորի մարզ և Տավուշի մարզ: ՀՀ մարզերում իրականացվում է տարածքային կառավարում, որը կանոնակարգվում է ՀՀ Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի <<Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին>> թիվ 728 հրամանագրով, իսկ հանրապետությունում առկա 915 համայնքներում` տեղական ինքնակառավարում, ինչն էլ կարգավորվում է <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքով:
 

Երևան քաղաքում տեղական ինքնակառավարումը իրականացվում է <<Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքով սահմանված դրույթներին համապատասխան: Նույն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն Երևանում տարածքային կառավարումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը: Կառավարության որոշմամբ Երևանում տարածքային կառավարման որոշակի գործառույթներ կարող են փոխանցվել գործադիր իրշխանության հանրապետական այլ մարմինների:

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Արթուր Իվանյանին Հեռ (010)-51-13-28

Բաժանորդագրում նորություններին