ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն



Տեղական ինքնակառավարման համակարգ

Տեղական ինքնակառավարման համակարգը

 Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ընդունումից հետո (1995 թվականի հուլիսի 5) Հայաստանի հանրային կառավարման համակարգում պետական կառավարմանը զուգահեռ ստեղծվեց տեղական ինքնակառավարման համակարգը:

Հայաuտանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման իրականացումը կարգավորվում է ՀՀ Uահմանադրությամբ, որի 9-րդ գլխի 179-190 հոդվածներն ուղղակիորեն սահմանում են տեղական ինքնակառավարման հարցերը, "Տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ oրենքով, որը հիմնվում է Տեղական Ինքնակառավարման մասին Եվրոպական Խարտիայի վրա, այլ oրենքներով եւ իրավական ակտերով:
Հայաստանը Տեղական Ինքնակառավարման մասին Եվրոպական Խարտիան վավերացրել է 2002 թվականին:
Տեղական ինքնակառավարումը տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքն ու կարողությունն է համայնքի բնակիչների շահերից ելնելով, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, սեփական պատասխանատվությամբ լուծելու համայնքային նշանակության հանրային հարցերը:
Տեղական ինքնակառավարման մարմիններն (ՏԻՄ) են` համայնքի ղեկավարը եւ համայնքի ավագանին, որոնք օրենքով սահմանված կարգով ընտրվում են 5 տարի ժամկետով` ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ: Համայնքի ավագանու անդամների թիվը պայմանավորված է համայնքի բնակչության թվով եւ կարող է կազմել 5-15 հոգի, Գյումրի և Վանաձոր համայնքներում՝ 33, Երևանում՝ 65: ՏԻՄ-երի առաջին ընտրություններն առաջին անգամ անց են կացվել 1996 թվականի նոյեմբերի 10-ին` "Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության մասին" ՀՀ օրենքի համաձայն:
Համայնքի խնդիրները լինում են պարտադիր և կամավոր:
Համայնքի պարտադիր խնդիրները հանրային նշանակության այն խնդիրներն են, որոնց լուծմամբ ապահովվում է համայնքի բնականոն կյանքի ընթացքը:
Համայնքի կամավոր խնդիրներն այն խնդիրներն են, որոնցով համայնքային կյանքի բնականոն ընթացքը ուղղակիորեն պայմանավորված չէ և կարող են իրականացվել, միայն պարտադիր խնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներից բացի, հավելյալ ֆինանսական միջոցների առկայության դեպքում:
Համայնքի պարտադիր խնդիրները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով, իսկ դրանց լուծման նպատակով տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունները՝ օրենքով։
Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները լինում են սեփական՝ համայնքի պարտադիր և կամավոր խնդիրների լուծման նպատակով, ինչպես նաև պետության կողմից օրենքով պատվիրակված՝ պետական մարմինների լիազորությունների առավել արդյունավետ իրականացման նպատակով։ Համայնքի սեփական լիազորություններն ուղղված են բացառապես համայնքի պարտադիր խնդիրների լուծմանը:
Պետական մարմիններին վերապահված լիազորությունների իրականացումը կարող է օրենքով փոխանցվել համայնքի ղեկավարներին` որպես պետության պատվիրակած լիազորություններ: Պետության պատվիրակած լիազորությունները ենթակա են պետական բյուջեից պարտադիր ֆինանսավորման՝ պետության պատվիրակած լիազորությունների ֆինանսավորման նպատակով նախատեսված հատկացումների հաշվին:
Համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանվում են ավագանու որոշմամբ:
Համաձայն ՀՀ Սահմանադրության եւ "Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին" ՀՀ օրենքի՝ Հայաստանի վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները: Հայաստանը բաժանվեց թվով 10 մարզերի և թվով 931 համայնքների: Մայրաքաղաք Երեւանին տրվեց մարզի կարգավիճակ: Մարզերը բաժանվեցին քաղաքային եւ գյուղական համայնքների, իսկ Երեւանը` թաղային համայնքների: Այնուհետև, 2005թ. նոյեմբերի 27-ի խմբագրությամբ Սահմանադրությամբ սահմանվեց, որ Երևանը համայնք է, որի տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով: Դրան հետևեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի ընդունումը (26.12.2008թ.): 2009 թվականի մայիսի 31-ին տեղի ունեցան Երևանի ավագանու ընտրությունները: Երևանի քաղաքապետն ընտրվեց ավագանու կողմից՝ վերջինիս կազմից:
Հայաստանում տեղական ինքնակառավարումը գործում է միայն համայնքների մակարդակով: Այն հանրային կառավարման առանձին օղակ է: Յուրաքանչյուր համայնք բաղկացած է մեկ կամ մի քանի բնակավայրերից: Հայաստանում կա 1002 բնակավայր, որոնք միավորված են 502 համայնքներում, որից 52-ը՝ միավորված համայնքներ են:
Ամենամեծ մարզը Գեղարքունիքի մարզն է, որի տարածքը 5349ք.կմ է, ներառյալ Սեւանա լիճը` 1256ք.կմ: Բնակչության թվաքանակով առաջատարն է ՀՀ Կոտայքի մարզը՝ 315154 բնակչությամբ:
Տեղական ինքնակառավարման ֆինանսական հիմքերի ամրապնդման համար կարեւոր էր "ՀՀ բյուջետային համակարգի մասին" ՀՀ օրենքի ընդունումը, որը պարզաբանում է համայնքային բյուջեի կազմման, կատարման եւ վերահսկման գործընթացները, կառավարման տարբեր մակարդակների միջեւ հարկաբյուջետային փոխհարաբերությունները եւ բյուջեների եկամուտների եւ ծախսերի տեսակները:
Պետական բյուջեից համայնքային բյուջեներին կատարվող հատկացումները կարգավորվում են "Ֆինանսական համահարթեցման մասին" ՀՀ օրենքով, որով հաստատվեց ֆինանսական համահարթեցման ձեւերը եւ դրանց հաշվարկման կարգը:
2015թ. դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխություններից հետո մշակվեց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ նոր օրենքը, որն ընդունվեց 2016 թվականի դեկտեմբերի 16-ին: Այդ օրենքում տեղ գտան այնպիսի փոփոխություններ, որոնք ուղղակիորեն բխում էին ՀՀ նոր Սահմանադրությունից, ինչպես նաև նպատաուղղված էին առավել լայն մասշտաբով օրենսդրական կարգավորումների ներմուծմանը, որոնք պայմանավորված են Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայով, Տեղական իշխանությանը մասնակցելու իրավունքի մասին Տեղական ինքնակառավարման Եվրոպական խարտիայի լրացուցիչ արձանագրությամբ, ինչպես նաև միջազգային լավագույն փորձով:
Առավել հատկանշական փոփոխություններից են.
Համայնքի պարտադիր խնդիրների օրենքով սահմանում,
Տեղական ինքնառավարմանը քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով մասնակցելու հնարավորության ստեղծում,
Համայնքի ղեկավարի նոր լիազորությունների սահմանում՝ կրթության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի, երիտասարդության հետ աշխատանքների կատարման, առողջապահության, սոցիալական պաշտպանության, գյուղատնտեսության և բուսասանիտարիայի, պաշտպանության, արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառներում,
Մարզպետի և կառավարության կողմից համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու իրավունքի (պաշտոնանկության ինստիտուտի) դադարեցում,
Առանձին գլխով սահմանվել են Գյումրի և Վանաձոր համայնքներում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները:
Երևան, Գյումրի և Վանաձոր համայնքներում ավագանու ընտրություններն անց են կացվում համամասնական ընտրակարգով, համայնքների ղեկավարներն ընտրվում են անուղղակիորեն՝ ավագանու կողմից և վերջինիս կազմից:
Միջհամայնքային միավորման և միավորում կազմելու իրավունքի իրացման փոփոխություններ և հիմնման նոր եղանակներ: ՀՀ Սահմանադրության 189-րդ հոդվածին համահունչ օրենքի նախագծով առաջարկվում է միջհամայնքային միավորման ստեղծման երկու եղանակները. համայնքների ավագանիների կողմից՝ տեղական ինքնակառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, օրենքով, կառավարության առաջարկությամբ՝ հանրային շահերից ելնելով:
Համայնքների զարգացման կարեւորագույն նախապայմաններից մեկը ՏԻՄ-երի կարողությունների ձեւավորումն ու ամրապնդումն է: Միայն օրենքով ՏԻՄ-երին լիազորությունների տրամադրումը բավարար չէ իրական ժողովրդավարության հաստատման, տեղական ինքնակառավարման համակարգի եւ համայնքների զարգացման համար: Այդ նպատակով անհրաժեշտ էր ձեւավորել ՏԻՄ-երի կարողությունները, որի կարեւոր պայմաններից մեկը համայնքային ծառայողների մշտական գործող ուսուցման համակարգի ստեղծումն էր: Ուստի, 2004թ. դեկտեմբերի 14-ին ընդունվեց «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքը: Այդ oրենքով ամրագրվում են Հայաuտանի Հանրապետությունում համայնքային ծառայության հիմնական uկզբունքները, կարգավորվում են համայնքային ծառայության պաշտոնների եւ դաuային աuտիճանների դաuակարգման, համայնքային ծառայության պաշտոնի նշանակման, համայնքային ծառայողների ատեuտավորման եւ վերապատրաuտման, համայնքային ծառայության կադրերի ռեզերվի, համայնքային ծառայողների իրավական վիճակի, համայնքային ծառայության կազմակերպման եւ ղեկավարման, ինչպեu նաեւ՝ դրանց հետ կապված այլ հարաբերություններ:
Աշխատակազմի հավաքագրում։ Հաստատվել է ՀՀ բոլոր համայնքների ղեկավարների աշխատակազմերի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը: Անվանացանկերում նախատեսված պաշտոններում նշանակումները կատարվում են օրենքով սամանված կարգով («Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենք, հոդված 42-43): Իսկ թափուր պաշտոն առաջանալու դեպքում, դրանք համալրվում են մրցույթով, ինչպես նաև արտամրցութային կարգով (29-րդ, 141-րդ հոդվածներ):
Գնահատում եւ ուսուցում։ Համայնքային ծառայողների առաջին ատեստավորումը իրականացվել է առաջին վերապատրաստումից հետո՝ օրենքով նախատեսված ժամկետներում, իսկ օրենքի համաձայն՝ համայնքային ծառայողների առաջին վերապատրաստման գործընթացը սկսվել է 2007թ. մայիսի 1-ից: Վերապատրաստումը իրականացվում է մրցույթով ընտրված ուսումնական կազմակերպությունների միջոցով՝ ՀՀ կառավարության պետական լիազորված մարմնի հաստատված ծրագրին համապատասխան: ՀՀ Երեւան քաղաքի եւ մարզերի համայնքների ղեկավարների աշխատակազմերում առկա համայնքային ծառայության պաշտոնների ընդհանուր թիվը կազմում է շուրջ թվով 6450, որը համայնքների միավորման գործընթացի արդյունքում առաջիկայում նվազելու է:
2011 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգը»: Դրանով իսկ ՀՀ կառավարությունը հաստատեց, որ վարչատարածքային բարեփոխումներն անհրաժեշտ են՝ համայնքների զարգացման շարունակականության ապահովման, համայնքի կողմից առավել որակյալ և մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների (մարդկային, ֆինանսական, հողային և այլն) առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից: Այնուհետ, համայնքների խոշորացման գործընթացի անհրաժեշտությունը կարևորվեց նաև այլ փաստաթղթեթում, մասնավորապես, ՀՀ կառավարության տարեկան ծրագրերում, Կայուն զարգացման ծրագրում, ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում և այլն:
2016 թվականի փետրվարի 14-ին ՀՀ Լոռու մարզի Թումանյան, ՀՀ Սյունիքի մարզի Տաթև, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան, սեպտեմբերի 18-ին ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր, ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան, Այրում, Կողբ, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Գորայք, Տեղ, հոկտեմբերի 2-ին ՀՀ Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Արփի, Սարապատ, ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Զառիթափ, 2017 թվականի նոյեմբերի 5-ին՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան, Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ, ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Վարդենիս, Գեղամասար, Շողակաթ, ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Մեծավան, Շնող, Սարչապետ, Ստեփանավան, Տաշիր, Օձուն, ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան, Եղվարդ, Չարենցավան, Ակունք, Մեղրաձոր, Ջրվեժ, ՀՀ Շիրակի մարզի Անի, Ախուրյան, Մարմաշեն, ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Սիսիան, Քաջարան, ՀՀ Վայոց ձորի մարզի Արենի, Գլաձոր, Եղեգիս, ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքային փնջերում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Այսպիսով, իրականացվել է համայնքների խոշորացման թվով 52 ծրագիր, ինչի արդյունքում 465 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է թվով 52 համայնք:
Համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է առավել մրցակցային ավագանի, հաստիքների վերաբաշխում, ինչի արդյունքում կրկնվող հաստիքները (աշխատակազմի քարտուղար, ֆինանսիստ, հաշվապահ և այլն) փոխարինվել են ծառայություններ մատուցող հաստիքներով, հնարավոր է դարձել համայնքի համախմբված բյուջեի միջոցների հաշվին բնակավայրերում կապիտալ ներդրումների իրականացումը: Իրականացվում են խոշորածավալ ներդրումներ միջազգային կազմակերպությունների կողմից. ներդրումների հաշվին իրականացվում են կապիտալ ծրագրեր, տեխնիկայի ձեռքբերում: Ավագանու նիստերը դարձել են ավելի շահագրգիռ, մրցակցային, թիրախային: Օրակարգային հարցերի քննարկումների շուրջ ծավալվում են հիմնավորված բանավեճեր, ինչի արդյունքում շահում են նիստերի որակը և ընդունված որոշումների արդյունավետությունը: Սկսել են անցկացվել արտագնա նիստեր (համայնքի կազմի մեջ մտնող բնակավայրերում): Որոշակիորեն աճել է պետության կողմից ֆինանսական համահարթեցման նպատակով տրամադրվող դրամական միջոցների չափը:

 

 

 

↑ Դեպի վեր

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Արթուր Իվանյանին Հեռ (010)-51-13-28

Բաժանորդագրում նորություններին