Նորություններ

Այցեր ԵՎ ելույթներ

Նախարար Սուրեն Պապիկյանի ելույթը ԱԷՄԳ Գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանին

21.09.2020

ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ելույթը ԱԷՄԳ Գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանին

(Վիեննա, սեպտեմբերի 21, 2020 թ.)


Հարգելի՛ տիկին նախագահ

 
Շնորհավորում եմ Ձեզ ԱԷՄԳ գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Թույլ տվեք նաև շնորհավորել Գլխավոր կոմիտեի ընտրված անդամներին և հաջողություն մաղթել նրանց աշխատանքում:

Հարգելի՛ պատվիրակներ

Այսօր աշխարհը կանգնած է նոր կորոնավիրուսի տեսքով ամբողջ մարդկության համար ծայրահեղ վտանգավոր մարտահրավերների առջև, որը վտանգի տակ է դրել ոչ միայն համաշխարհային առողջապահությունը, այլև տնտեսական զարգացումը և կենսակերպը: Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ցանկանում եմ իմ անկեղծ ցավակցությունն ու համերաշխությունը հայտնել բոլոր տուժածներին:

Այս դժվարին պայմաններում մենք գոհունակությամբ հետևեցինք, թե ինչպես ԱԷՄԳ-ն` գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ, ակտիվ միջոցներ ձեռնարկեց գործակալության գործունեության հիմնական ոլորտներին աջակցելու և երկրներին համաճարակի և դրա հետևանքների դեմ պայքարում աջակցելու գործում:

Այս առումով կցանկանայի ընդգծել անդամ երկրներին ցուցաբերվող օժանդակությունը՝ ատոմային էլեկտրակայանների շարունակական և անվտանգ շահագործումն ապահովելու համար: Երախտապարտ ենք նաև գլխավոր տնօրենին և ԱԷՄԳ քարտուղարությանը` ավելի քան 120 երկրներին, այդ թվում նաև Հայաստանին տրամադրված ախտորոշիչ սարքերի և նյութերի տեսքով տեխնիկական օժանդակության համար, որն ուժեղացրեց համաճարակի դեմ պայքարի կարողությունները այդ երկրներում: Այս կապակցությամբ մեր անկեղծ շնորհակալություն ենք հայտնում դոնոր երկրներին` նրանց օգնության և ներդրումների համար:

Այսօր շատ կարևոր է համակարգված օգտագործել տարբեր հիվանդությունների դեմ պայքարում միջուկային տեխնոլոգիաների կիրառման փորձը: Այս առումով, մենք ուշադրությամբ հետևում ենք «ԶՈԴԻԱԿ» /ZODIAC/ նոր ծրագրի մշակմանը և հուսով ենք, որ ծրագիրը վերջնական հաստատելուց և անդամ պետությունների կողմից հավանության արժանանալուց հետո, գործակալությունը հնարավորություն կտա շարունակել կիրառել կուտակված փորձը և գիտելիքները միջուկային և ճառագայթային ոլորտում` նպատակ ունենալով կանխել այդ հիվանդությունների և համաճարակների տարածումը ապագայում:

Հարգելի՛ պատվիրակներ

Կորոնավիրուսի դեմ պայքարի այս դժվարին պայմաններում Հայաստանը բախվեց մեր երկրի և ամբողջ տարածաշրջանի անվտանգության համար ծայրահեղ վտանգավոր և աննախադեպ մարտահրավերի: Խոսքս Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարված հասցնելու իրական սպառնալիքի մասին է, որը հնչեցրել է Հայաստանի հարևան պետության ներկայացուցիչը։ Դեռ ավելին, հայտարարելով, որ այդ հարվածի նպատակ է հետապնդելու աղետալի վնաս հասցնել Հայաստանին և նրա ժողովրդին:

Առաջին անգամ մենք բախվում ենք մի իրավիճակի, երբ ատոմակայանի անվտանգությանն ուղղված իրական սպառնալիքը գալիս է ոչ թե ահաբեկչական կազմակերպության, այլ պետության անունից` վերջինիս պաշտոնական ներկայացուցչի միջոցով: Ավելին, մի պետության, որը միջազգային հանրության առջև դիրքավորվում է որպես նրա պատասխանատու անդամ և միջազգային հարաբերությունների լիիրավ սուբյեկտ:

Ինչպես պարզվեց, մեր միջազգային իրավունքի դաշտը և գործիքակազմը ամբողջությամբ հաշվի չէին առել նման սպառնալիքների առաջացումը։ Ցավոք, մինչ օրս միջազգային հանրությունը չունի արդյունավետ զսպող մեխանիզմներ` որևէ պետության կողմիցատոմակայանների անվտանգությանը սպառնացող հնարավոր սպառնալիքները կանխելու, ինչպես նաև արդեն հնչած սպառնալիքներին արդյունավետ և ժամանակին արձագանքելու համար:

Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ զինված բախումների ժամանակ Ադրբեջանի ՊՆ պաշտոնական ներկայացուցչի կողմից բարձրացված Մեծամորի ատոմակայանին հարված հասցնելու սպառնալիքը ոչ այլ ինչ է, քան մարդկության դեմ ուղղված հանցագործություն և պետք է համապատասխան արձագանք ստանա միջազգային հանրության կողմից:
Հայաստանը կշարունակի գործադրել բոլոր հնարավոր ջանքերը ապագայում նման սպառնալիքները կանխելու ուղղությամբ։

Հարգելի՛ պատվիրակներ

Սեպտեմբերի 21-ին մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 29-րդ տարեդարձը: Իր անկախությունը հռչակելուց, ՄԱԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին անդամակցելուց և բարեկամական պետությունների հետ գործընկերային հարաբերություններ հաստատելուց ի վեր Հայաստանը մշտապես աջակցում է միջուկային զենքի չտարածման և ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման քաղաքականությանը: Ելնելով այս սկզբունքներից` Հայաստանի կառավարությունը սերտ համագործակցություն է հաստատել ԱԷՄԳ-ի հետ միջուկային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, այդ թվում` միջուկային օբյեկտների ֆիզիկական պաշտպանության հարցերի շուրջ:

Հարգելի՛ պատվիրակներ

Միջուկային էներգիան առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի Հանրապետության էներգետիկայի զարգացման ծրագրում։ Միայն ատոմակայանի առկայությունը մեզ թույլ կտա պահպանել էլեկտրաէներգիայի արտադրման և անվտանգության անհրաժեշտ մակարդակը Հայասատանի էլեկտրաէներգետիկ համակարգում:

Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու որոշումը կայացվել է մանրազնին վերլուծությունից հետո: Միևնույն ժամանակ, մենք խնդիր ենք դրել ապահովել ՀԱԷԿ-ի հետագա գործունեության անվտանգության բարձր մակարդակ և հուսալիություն: Ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու համար Հայաստանը ակտիվորեն օգտագործում է ԱԷՄԳ խորհրդատվական և գնահատման առաքելությունների հնարավորությունները:

Ամփոփելով, նշեմ, որ ԱԷՄԳ-ն միշտ եղել է միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման ապահովման առաջնագծում: Հետևաբար Հայաստանը խորապես գնահատում է գործակալության գործունեությունը և երախտապարտ է Գլխավոր տնօրենին և քարտուղարությանը անխոնջ և անկողմնակալ աշխատանքի համար: Մենք կշարունակենք ամեն կերպ աջակցել գործակալությանը՝ իր վեհ նպատակներին հասնելու համար:


Շնորհակալություն ուշադրության համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին