Նորություններ

Այցեր ԵՎ ելույթներ

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հիմնական զեկույցը Ազգային Ժողովում

26.05.2020

ԱԺ-ում ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հիմնական զեկույցը 4000 և ավելի ընտրող ունեցող համայնքներում համամասնական ընտրակարգի ներդրման նպատակով «ՀՀ ընտրական օրենսգրքում», «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքներում և հարակից ներկայացված օրենքների փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

Ես ուզում եմ կարևորել այս օրենքի ընդունումը և միևնույն ժամանակ նշել մի կարևոր նախադեպի մասին։ Ինչպես արդեն նշվեց պարոն Միրզոյանի կողմից, այս օրենքը համահեղինակել են նաև երեք խորհրդարանական խմբակցությունների պատգամավորներ, և նախադեպային առումով սա համարում եմ կառավարություն-խորհրդարանական խմբակցություններ համագործակցության ամրացման դրական և կարևոր քայլ։

Օրենքի ընդունման կարևորությունը նաև կախված է նրանից, որ 2018 թ․-ից, երբ ՀՀ-ում ուժի մեջ է մտել Սահմանադրությունը, խոսքը գործող Սահմանադրության մասին է, անհրաժեշտություն է առաջացել նաև տեղական մակարդակում ունենալ խորհրդարանական մոդելին համապատասխան տեղական ինքնակառավարման մարմիններ, այն է՝ ավագանու իրական լիազորություններն ընդգծող և միևնույն ժամանակ դա ապահովող իրավական նորմեր։ Այս օրենսդրական փոփոխությունը նպատակաուղղված է հենց դրան։

Սույն նախագծով առաջարկվում է ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանել՝

- մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների մեծամասնական կարգով ընտրություններ. Այն է՝ պահպանվում է գործող ընտրակարգը, և մինչև 4000 ընտրող ունեցող համայնքները կշարունակեն ընտրություններ կազմակերպել և ձևավորել ՏԻՄ մարմիններ գործող ընտրակարգով:
- 4000 և ավելի ընտրող ունեցող և բազմաբնակավայր համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններ:
Սա ենթադրում է, որ 4000 և ավելի ընտրող ունեցող բոլոր համայքններում պետք է լինեն համամասնական ընտրակարգով ընտրություններ, որին մասնակցելու են քաղաքական կուսակցությունները և դաշինքները :
Ինչու է սա կարևոր, և ինչու եմ նշում, որ սա շատ կարևոր նախադեպ է, որը մեծ դերակատարում պիտի ունենա ներհայաստանյան քաղաքական մշակույթում։ Սա կարևոր է նրանով, որ քաղաքական կուսակցություններն այլևս իրենց ունեցած էլեկտորատը ամբողջությամբ կարողանալու են իրացնել, այն ռեսուրսը, այն քաղաքական ներուժը, որ իրենք ունեն, հինգ տարի շարունակ կարողանալու են ավագանիում իրացնել։
Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է հետևյալը՝ նախկինում մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքապետը շատ դեպքերում 1-2 տոկոսով, երբեմն նաև մի քանի ձայնով, պարտություն էր կրում, և տվյալ քաղաքական ուժի ներկայացուցիչը 5 տարի շարունակ դուրս էր մղվում տվյալ համայնքում քաղաքական դերակատարում ունենալուց:

Այս օրենքի նախագիծը երաշխավորում է, որ այդ համայնքում կլինի առողջ քաղաքական մթնոլորտ, և եթե հնարավորություն ընձեռվի նաև կառուցողական մթնոլորտում ապահովել ավագանու համագործակցությունը, ապա փոխզսպված ավագանի և, բնակաբար նաև, համայնքի ղեկավար: Սա նշանակում է որ այն մոդելը, որ առկա է նաև խորհրդարանում կտեղափոխվի նաև ՏԻՄ մարմիններ:
Համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների քվեարկության օրը պետք է լինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանված օրերից լիազորությունների ժամկետի լրանալու օրվան առավել մոտ օրը (գործող օրենսգրքում սահմանված է, որ ընտրությունները նշանակվում են մինչև լիազորությունները լրանալն առավել մոտ օրը):

Փոփոխություններ են առաջարկվում համայնքների ավագանիների անդամների թվաքանակին, ընտրական գրավի չափին, նախընտրական հիմնադրամների ձևավորման վերաբերյալ կարգավորումներում: Առաջարկվում է մանդատների բաշխմանը մասնակցելու համար անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանել 4 տոկոս գործող 6-ի փոխարեն, իսկ կուսակցությունների դաշինքի համար՝ 6 տոկոս գործող 8-ի փոխարեն, և եթե կողմ քվեարկված քվեաթերթիկների ընդհանուր թվի և անճշտությունների թվի գումարի առնվազն 4 կամ 6 տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացել են 3-ից պակաս կուսակցություն (կուսակցությունների դաշինք), ապա մանդատների բաշխմանը մասնակցում են առավելագույն կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստացած 3 կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները (եթե ընտրությանը մասնակցել է 3 կուսակցություն (կուսակցությունների դաշինք): Սա էլ ապահովում է ներառականություն, այսինքն շատ քաղաքական ուժեր և միավորներ հնարավորություն կունենան ընդգրկված լինելու տեղական ինքնակառավարման մարմիններում՝ դրանով նաև ապահովելով իրենց քաղաքական ուժի ներկայացվածությունը տվյալ համայնքի կյանքում։
Առաջարկվում է անցումային և եզրափակիչ դրույթներում սահմանել այն համայնքներում, որտեղ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը համայնքի ղեկավարը և ավագանին ընտրվել են մեծամասնական կարգով, և որոնց համար սույն օրենքով սահմանվում են ավագանու համամասնական ընտրակարգով ընտրություններ, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, եթե.

Երբ լրանում է ավագանու լիազորությունների ժամկետը , կամ վաղաժամկետ դադարում, դադարեցվում են ավագանու լիազորությունները, իսկ համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը չի լրանում: Այստեղ որոշակի իրավական խնդիրներ էին առաջանում առ այն, որ ունենք համայնքներ, որտեղ ավագանու և համայնքապետի լիազորությունները տարբեր ժամկետներում են լրանում, ուստի առաջարկում ենք հետևյալ կարգավորումը.
Մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարը շարունակում է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը, որից հետո սույն օրենքով սահմանված կարգով արդեն իսկ ընտրված և ձևավորված համայնքի ավագանին իր կազմից ընտրում է համայնքի ղեկավար: Այսինքն ունենք համայնքներ, որտեղ կա գործող համայնքապետ, բայց հընթացս ընտրվել է նաև ավագանի, երբ ավագանու լիազորություններն ավարտվում են, համայնքապետը շարունակում է պաշտոնավարել, նոր ընտրված ավագանին աշխատում է հին համայնքապետի հետ այնքան, մինչև նրա լիազորությունների ավարտը: Այնուհետև, երբ ավարտվում են նրա լիազորությունները, իր միջից ընտրում է համայնքի ղեկավար:

Հաջորդ կետով, երբ լրանում է համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը , կամ վաղաժամ դադարեցվում են նրա լիազորությունները, իսկ ավագանու լիազորությունների ժամկետը չի լրանում, համայնքի ղեկավարի ընտրություն չի նշանակվում, իսկ վերջինիս լիազորություններն իրականացնում է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը մինչև ավագանու լիազորությունների ժամկետը լրանալը: Միաժամանակ անցումային և եզրափակիչ դրույթներում սահմանվում է, որ սույն օրենքի կարգավորումների համաձայն 4000 և ավելի ընտրող ունեցող համայնքըներում մեկ անգամ համամասնական ընտրություններ անցկացնելուց հետո անկախ համայնքների ընտրողների թվաքանակի նվազեցման հանգամանքից հաջորդ բոլոր ընտրություններն անց են կացվելու համամասնական ընտրակարգով:

Հարգելի գործընկերներ, շատ է կարևոր նաև այս կետը, որով առաջարկվում է օրենսգրքից հանել մանդատների առնվազն 40 տոկոս ստացած կուսակցության ընտրական բոնուսը: Սա տարբեր հարթակներում քննադատվել է իմ շատ գործընկերների, ձեր շատերիդ կողմից և, այս հանգամանքը հաշվի առնելով, մենք որոշում ենք կայացրել առաջարկել ձեզ այս փոփոխությունը կատարել։

Իհարկե, կյանքը ցույց կտա, թե ինչպիսի խնդիրներ կարող է առաջացնել նաև այս կարգը, բայց Ազգային ժողովն իրավասու է խնդիրներ առաջանալու պարագայում փոփոխություններ մտցնել նաև այս կետում։

Հարգելի գործընկերներ, ուզում եմ նաև նշել, որ առաջարկվում է Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների ավագանիների ընտրության ժամանակ կուսակցությունների (դաշինքների) կողմից թեկնածուներ առաջադրելու իրավահարաբերություններին տարածել համամասնական ընտրակարգով ընտրվող բոլոր համայնքների ավագանիների ընտրության դեպքերի վրա:

Առաջարկվում է լրացում կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի «Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը» վերտառությամբ 27-րդ հոդվածում, որի համաձայն համայնքապետի լիազորությունների դադարեցման ժամանակ, երբ կա գործող ավագանի, պաշտոնակատար է նշանակվում մարզպետի և քաղաքապետի պարագայում՝ վարչապետի կողմից:

Ուզում եմ նաև եզրափակելով շնորհակալություն հայտնել Աժ Իմ քայլը խմբակցության պատգամավերներ Վարազդատ Կարապետյանին, Վահե Ղալումյանին, Վահագն Հովակիմյանին, Համազասպ Դանիելյանին, Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին և Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանին համագործակցության մթնոլորտում այս օրենքի նախագիծը կյանքի կոչելու և ձեզ ներկայացնելու համար։

Շնորհակալ եմ:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին