Նորություններ

Այցեր ԵՎ ելույթներ

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի ելույթը Փախստականների հարցերով գլոբալ ֆորումի ժամանակ

18.12.2019

Հարգելի նախագահող,
Հարգելի գործընկերներ,

Հայաստանը մեծապես կարևորում է փախստականների հարցերով առաջին գլոբալ ֆորումի կազմակերպումն ու բարձր մակարդակով անցկացումը։ Սա լավ առիթ է անդրադառնալու այն հանձնառությունների ու առաջընթացին, որոնք պետություններն ու համաշխարհային հանրությունը ստանձնել է դեռևս 2016թ-ի նյույորքյան հռչակագրից ի վեր։ Նշված հռչակագրի տրամաբանական շարունակությունը հանդիսացավ նաև Փախստականների հարցերով Համաշխարհային հռչակագիրը՝ մի փաստաթուղթ, որը համալիր մոտեցում է ցուցաբերում փախստականության խնդիրներին, և որին միացել է նաև Հայաստանի Հանրապետությունը։

Հարգելի նախագահող,

Ինչպես գիտենք աշխարհում այսօր փախստականների թիվը գերազանցում է 25 միլիոնը, որոնց 85 տոկոսը ներկայումս հյուրընկալվում են ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։ Սա հավելյալ ծանրաբեռնվածություն է ստեղծում հյուրընկալող երկրների սոցիալական ապահովության համակարգերի, հետևաբար մենք մեծապես կարևորում ենք Համաշխարհային հռչակագրի այն դրույթները, որոնք առնչվում են հյուրընկալող պետությունների բեռի թեթևացմանը և փախստականների ինքնուրույնության ու կարողությունների զարգացմանը։ Այս համատեքստում կցանկանայի շեշտել, որ Հայաստանը ներկայումս համալիր կերպով վերանայում է փախստականների, տեղահանված անձանց և երկարաժամկետ միգրանտների ինտեգրման քաղաքականությունը՝ շեշտադրելով ինչպես պետական և հասարակական կառույցների համակարգված աշխատանքը, այնպես էլ նշված խմբերի ինքնուրույնության զարգացումը։ Այս դրույթն ընկած է նաև 2018թ-ին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության և երկրի զարգացման մեր ներկայից տեսլականի հիմքում՝ անհատական ջանքն ու պատասխանատվությունն են, որ ապահովում են առաջընթաց։

Սակայն, միաժամանակ կցանկանայի նշել, որ Հայաստանի Հանրապետությունը հետ չի կանգնում փախստականներին առնչվող բարդագույն խնդիրների լուծումից։ 1988-1992 թվականներին Ադրբեջանում հայերի էթնիկ զտումների արդյունքում մեր երկիրն ընդունել է շուրջ 400 000 փախստականների, ովքեր նշված ժամանակահատվածում կազմում էին Հայաստանի բնակչության շուրջ 12 տոկոսը։ Նշված բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրները շարունակաբար եղել են մեր կառավարության ուշադրության կենտրոնում։ Կցանկանայի ընդգծել, որ այս տարի մեր կառավարությունը որոշում է կայացրել, որով ապահովում է դեռևս բնակարանային խնդիրներ ունեցող շուրջ 900 փախստական ընտանիքներից 112-ի համար նշված խնդրի լուծումը։ Այս փաստը ցույց է տալիս, որ մենք հանձնառու ենք այդ անձանց ամբողջական ինտեգրումն ապահովելու հարցում։

Հարգելի նախագահող,

Փախստականների ներուժի օգտագործումը երկրի ընդհանուր զարգացման համար շարունակաբար եղել է մեր կառավարության ուշադրության կենտրոնում։ Սիրիայում պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստանն ընդունել է շուրջ 22 հազար փախստականների՝ դառնալով մեկ շնչի հաշվով Սիրիայից ընդունած փախստականների թվով երրորդ երկիրը եվրոպական տարածաշրջանում ։ Նրանցից շատերը այն հայերի սերունդներն են, ովքեր ստիպված են եղել լքել իրենց բնակավայրերը 20-րդ դարի սկզբին Օսմանյան Թուրքիայիում տեղի ունեցած ցեղասպանության հետևանքով։ Մենք մեծապես գնահատում ենք Սիրիայից փախստականների ձեռնարկատիրական ձիրքը և այն սոցիալ-տնտեսական ներդրումը, որ նրանք ունենանում են Հայաստանի զարգացման գործում։ Միաժամանակ կցանականայի կոչ անել միջազգային գործընկեր կառույցներին և պետություններին ավելացնել օժանդակությունը Սիրիայից փախստականների ինտեգրման համար։

Բացի նշված դեպքերից մեր երկիրը ներկայումս հյուրընկալում է տեղահանված անձանց Իրանից, Իրաքից, Աֆղանստանից և առավել փոքր թվերով աֆրիկյան և ասիական այլ տարածաշրջաններից՝ տրամադրելով նրանց պաշտպանություն և անվտանգ կյանք սկսելու հնարավորություններ։ Այս համատեքստում կարևորում ենք ապաստանի համակարգի շարունակական զարգացումն ու ամրապնդումը։ Նշված հարցում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ-ի) գրասենյակի հետ համագործակցությունը վերջին շրջանում տվել է կոնկրետ արդյունքներ Հայաստանում՝ ապահովելով արդարացի և արագ ապաստանի ընթացակարգերի իրացում։ Այս ուղղությամբ համագործակցության շարունակականությունը մեր առաջնհերթություններից է։

Հարգելի նախագահող,

Իհարկե, վերջին շրջանում գրանցած հաջողությունները նշանակալի են մեր երկրի համար, սակայն չենք կարող նաև չնշել այն մարտահրավերներ, որ առկա են փախստականների համար երկարաժամկետ լուծումներ գտնելու հարցում, մասնավորապես բնակարանային ապահովման, կայուն տնտեսական եկամտի ստեղծման, առողջապահության ու կրթության հասանելիության, ինչպես նաև այլ ուղղություններով։ Կարծում ենք, որ նշված ոլորտներում միջազգային հանրության համատեղված ջանքերը կարող են նշանակալի արդյունքների բերել։ Հումանիտար այս կարևորագույն հարցերը պետք է զերծ պահել անհարկի քաղաքականացումից, քանի որ գործ ունենք կոնկրետ մարդկանց և կոնկրետ ճակատագրերի հետ։ Հենց մարդու նկատմամբ հոգածությունը պետք է ընկած լինի փախստականների հիմնահարցի լուծման առանցքում։

Շնորհակալություն։
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (010)51-13-09, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին