Նորություններ

Այցեր ԵՎ ելույթներ

ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի ողջույնի խոսքը «Տեղական ինքնակառավարման համակարգի բարելավումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի պաշտոնական մեկնարկի արարողության մասնակիցներին

26.09.2019

Պատվարժան պարոնայք դեսպաններ Լազզարոտտո և Բանցհաֆ

Հարգելի տիկին Ստոյկոսկա և պարոն Բուզուլ

Քաղաքացիական հասարակության և զանգվածային լրատվության սիրելի ներկայացուցիչներ:

Ողջունում եմ Ձեզ Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի բարելավմանը միտված ծրագրի երկրորդ փուլի պաշտոնական մեկնարկին նվիրված այս միջոցառմանը, որի նպատակն է համապատասխան տեղական կարողությունների զարգացման և անհրաժեշտ ենթակառուցվածքների ներդրման միջոցով ապակենտրոնացնել և տարածքային ու տեղական մակարդակ իջեցնել գործադիր իշխանության մի շարք ծառայություններ։

Հայաստանում արձանագրված քաղաքական կերպափոխումներն ու դրա արդյունքում երկրում մեկնարկած համակարգային բարեփոխումները մեզ ստիպել են վերաիմաստավորել տեղական ինքնակառավարման դերն ու նշանակությունը ժողովրդավարության կայացման բարդ և բազմագործոն ճանապարհին։ Մենք ձեռնամուխ ենք եղել հեղափոխության ստեղծարար էներգիան ուղղել դեպի համայնքներ՝ տեղական ժողովրդավարության հզորացման նպատակով, քանզի հնարավոր չէ կառուցել գործուն իրավական պետություն, եթե տեղերում մենք չունենանք արդյունավետ և անխափան գործող ներկայացուցչական ժողովրդավարության ինստիտուտներ։ Տեղական ինքնակառավարումը մեզ համար ժողովրդավարության առաջին հարկն է, սաղմը, որից իրենց ճյուղավորումն են առնում պետական իշխանության մյուս դրսևորումները։ Այն բնակչությանը մոտ կանգնած հանրային իշխանության առաջին օղակն է և հանդիսանում է անմիջական ժողովրդավարության հենքային ինստիտուտ։

Հանդիսանալով Հայաստանում սահմանադրական կարգի սյուներից մեկը՝ տեղական ինքնակառավարումն իր մեջ է ամբողջացնում ոչ միայն հանրային իշխանության, այլև քաղաքացիական հասարակության ինստիտուտների հիմնական բնորոշիչները։ Այս իմաստով տեղական ինքնակառավարումը միջնորդում է տարաբնույթ հասարակական հարաբերությունների բարդ համակարգ, որում արտահայտվում են մասնավոր և հանրային, տեղական և համապետական հետաքրքրությունները, ինչն իր համալիրի մեջ արտահայտում է Հայաստան պետության ազգային շահը։
Տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումներն ու ենթակառուցվածքային զարգացման բազմաթիվ ծրագրերը միջազգային գործընկերների հետ Հայաստանի համագործակցության օրակարգի առաջնահերթ ուղղություններից են: Այդ արդյունավետ փոխգործակցության արդյունքում մեզ հաջողվել է Հայաստանի տարբեր համայնքներում իրականացնել և կյանքի կոչել տեղական կարողությունների բարելավմանն ու հզորացմանն ուղղված մի շարք արդյունքային ծրագրեր, որոնցով մենք այսօր հպարտանում ենք և որոնք մեզ ստիպում են մտածել էլ ավելի հավակնոտ նախագծերի ուղղությամբ։

ՀՀ կառավարությունն իր առջև խնդիր է դրել համայնքներում ենթակառուցվածքների զարգացումը դարձնել ոչ միայն պետական քաղաքականության առաջնահերթություն, այլև յուրաքանչյուր համայնքի գիտակցված պատասխանատվություն և հրամայական։ Համայնքներում ինքնավարության բարձրացման և պետությունից կախվածության նվազեցման նպատակով միայն 2019թ․ ընթացքում մեզ հաջողվել է հավանության արժանացնել շուրջ 483 սուբվենցիոն ծրագիր՝ ընդհանուր 23,76 մլրդ դրամ գումարային արտահայտությամբ, որն ամբողջությամբ ուղղվելու է այդ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանը։ Մենք համոզված ենք, որ կառավարության կողմից համայնքներում իրականացվող իրավական, սոցիալական, տնտեսական և նորարական համալիր գործողությունների ու ծրագրերի միջոցով մեզ կհաջողվի բացառապես պետական քաղաքականության ազդեցության կրողից տեղական իննքակառավարումը վերածել ազդակ հաղորդող և արդյունք գեներացնող ինստիտուտի։

Շատ կարևոր է, որ այդ բարդ ճանապարհին մենք միայնակ չենք և մշտապես զգում ենք միջազգային մեր գործընկերների՝ բարեփոխումներին աջակցելու պատրաստակամությունը:
Առանձնահատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել Շվեյցարիայի դաշնության կառավարությանը, որն իր ֆինանսական զգալի աջակցությունն է տրամադրել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը, Եվրոպայի Խորհրդի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերին, որոնց նպատակն է բնակչությանը առավել արդյունավետ, թափանցիկ և ժողովրդավարական եղանակով հանրային ծառայություններ մատուցելը:
Բառացիորեն երեկ ես ստորագրել եմ մի շրջաբերական, որով համայնքներին պետք է տրամադրվի «Հաշվապահական հաշվառման նոր համակարգի ներդրման գործնական ուղեցույցը», որը մշակվել է մեկնարկած ծրագրի ֆինանսավորման շրջանակներում:

Եվրոպայի խորհրդի նոր ծրագրի շրջանակներում մշակվել են «Թափանցիկ և բաց կառավարում», «Շահերի բախումը տեղական և տարածքային մակարդակներում» ձեռնարկները, որոնք ևս ներկայացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների համար կազմակերպվելիք սեմինարների ընթացքում: Այդ սեմինարների ընթացքում առանցքային է լինելու հակակոռուպցիոն բաղադրիչը:

Եվրոպայի Խորհրդի Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2019-2022թթ. ծրագրի շրջանակներում մոտ օրերս նախատեսվում է կազմակերպել սեմինարների շարք, որոնք միտված են տեղական մակարդակում քաղաքացիական մասնակցության գործիքակազմի, միջհամայնքային համագործակցության, ինչպես նաև լավագույն գործելակերպի վերաբերյալ հմտությունների ու կարողությունների զարգացմանը:

Օգտվելով առիթից, որ այս միջոցառմանը մասնակցում են դեսպաններ, միջազգային ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, շնորհակալություն եմ հայտնում նրանց` համակարգի առջև կանգնած մարտահրավերների լուծմանն իրենց գործուն աջակցությունը բերելու, միջազգային առաջավոր փորձը մեզ հասու դարձնելու, նաև ֆինանսական ռեսուրսներով օժանդակելու համար։ Մենք պետք է ամեն ինչ անենք այս օժանդակությունը համայնքների համար առավելագույն` ապագային միտված, զարգացման հեռանկարներով օգտագործելու համար։

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին