Նորություններ

Այցեր ԵՎ ելույթներ

Նախարար Սուրեն Պապիկյանի ելույթը ԱԷՄԳ-ի 63-րդ Գլխավոր Համաժողովին

16.09.2019

Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ելույթը ԱԷՄԳ-ի 63-րդ Գլխավոր Համաժողովին

Վիեննա, 16-20 սեպտեմբեր 2019թ.

 

Հարգելի տիկին Նախագահ,

Միանալով մյուս բանախոսներին՝ ՀՀ պատվիրակության անունից շնորհավորում եմ Ձեզ ԱԷՄԳ-ի Գլխավոր Համաժողովի 63-րդ նստաշրջանի Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Թույլ տվեք նաև շնորհավորել Գլխավոր կոմիտեի ընտրված անդամներին: Մաղթում եմ հաջող աշխատանքային շաբաթ և հայտնում մեր լիակատար աջակցություն ու համագործակցությունը:

Հարգելի տիկին Նախագահ,

Հարգելի պատվիրակներ,

Թույլ տվեք այս բարձր ամբիոնից ևս մեկ անգամ հայտնել ՀՀ կառավարության խորին ցավակցությունները Գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի անժամանակ մահվան կապակցությամբ, ինչը շատ մեծ կորուստ էր ԱԷՄԳ ամբողջ ընտանիքի և մեզ բոլորիս համար: «Ատոմները՝ հանուն խաղաղության և զարգացման» կարգախոսը, որն առաջարկել էր գլխավոր տնօրեն Ամանոն, զգալիորեն ընդլայնել է ԱԷՄԳ-ի գործունեության ոլորտը՝ ընդգրկելով մարդկային կենսագործունեության գրեթե բոլոր բնագավառները: Հուսով ենք, որ նրան հաջորդողը կշարունակի ղեկավարել գործակալությունը բարձր պրոֆեսիոնալիզմով և հետագայում ավելի կխթանի նրա դերակատարումը միջուկային անվտանգության ամրապնդման և ատոմային էներգիայի խաղաղ օգտագործմանն աջակցռլեւ գործում որպես հեղինակավոր և ապաքաղաքականացված փորձագիտական մարմին:

Հարգելի տիկին Նախագահ,

Հայաստանի Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս Գործակալության հետ փոխգործակցության զարգացմանն ու խորացմանը: ԱԷՄԳ-ի հետ մեր համագործակցությունը արդեն երկար տարիներ ընդլայնվում է ոչ միայն ատոմային էներգետիկայի ոլորտում, այլ նաև ճառագայթային բժշկության, էկոլոգիայի և այլ բնագավառներում:

 

Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով անվտանգ օգտագործումը կա և կլինի Հայաստանի Հանրապետության քաղաքական առաջնահերթություններից մեկը։ Որպես գործող ատոմային էլեկտրակայան ունեցող երկիր՝ Հայաստանը ընտրել է միջուկային էներգիայի անվտանգ և խաղաղ օգտագործման թափանցիկ և բաց քաղաքականություն և հետագայում էլ շարունակելու է ամրապնդել ու ձեռնարկել համապատասխան միջոցառումներ միջուկային և ճառագայթային անվտանգությունը բարձրացնելու և պահպանելու ուղղությամբ: Մենք բարձր ենք գնահատում այն դերն ու աջակցությունը, որը ԱԷՄԳ—ը մշտապես ցուցաբերում է Հայաստանին՝ Հայկական ԱԷԿ-ի անվտանգության չափանիշների ապահովմանն ուղղված մեր պարտավորությունների կատարման ընթացքում։

Գլխավոր տնօրեն Ամանոն իր վերջին այցերից մեկը կատարեց հենց Հայաստան, որը տեղի ունեցավ այս տարի՝ ապրիլի 29-30-ը: Հայաստանի կառավարության հետ ունեցած քննարկումների ընթացքում Գլխավոր տնօրենը հնարավորություն ունեցավ առաջին ձեռքից տեղեկանալ Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարելավմանն ու պահպանմանն ուղղված շարունակական ջանքերի և «Ատոմային էներգիայի մասին» օրենքում ներառված փոփոխությունների մասին, ինչը նպատակ ուներ միջուկային էներգիայի բնագավառում ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցնել ԱԷՄԳ-ի անվտանգության չափանիշներին։

Գլխավոր տնօրենը տեղեկացավ նաև մեր երկրում վերջերս փորձագիտական առաքելությունների աշխատանքերի, այդ թվում նաև՝ ԱԷՄԳ-ի՝ երկարաժամկետ հեռանկարում անվտանգության դիտարկման նպատակով (САЛТО/SALTO) 2018թ դեկտեմբերին իրականացված ուսումնասիրության արդյունքների մասին: Հայաստանը լիովին համաձայն է այդ հետազոտության առաջարկների և խորհուրդների հետ. մեր կառավարությունը միտված է շարունակել ուժեղացնել ՀԱԷԿ-ում անվտանգության և ֆիզիկական պաշտպանությանն ուղղված միջոցառումները։

ՀՀ-ի միակ միջուկային էներգետիկայի կառույցի շահագործման անվտանգության բարձրացման հարցը, ինչպես նաև դրա հետ կապված ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկարացման ծրագրի իրագործման ընթացքը պարբերաբար քննարկվում են ՀՀ Վարչապետին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստերում, որի կազմում են նաև արտասահմանյան առաջատար փորձագետներ։

Կայուն զարգացման նպատակներին հասնելու առումով Հայաստանը բարձր է գնահատում ԱԷՄԳ-ի Տեխնիկական համագործակցության ծրագիրը՝ միջուկային տեխնոլոգիաների խաղաղ կիրառման և սոցիալ-տնտեսական զարգացման համատեքստում։ ԱԷՄԳ-ի տեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում իրականացվել է շուրջ 40 ազգային ծրագիր, ներկայումս իրականացվում է ևս 7-ը :

Բացի այդ, Հայաստանը մասնակցում է ԱԷՄԳ-ի տեխնիկական համագործակցության մոտ 20 ծրագրերին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ միջուկային և ճառագայթային անվտանգության բարելավումը, ռադիոակտիվ թափոնների անվտանգ կառավարումը, միջուկային օբյեկտների ֆիզիկական պաշտպանությունը, վթարային իրավիճակների պատրաստվածության և արձագանքման բարձրացումը, միջուկային բժշկության զարգացումը, սննդի անվտանգության ապահովումը և այլն:

Հարգելի տիկին Նախագահ,

ԱԷՄԳ-ն առանցքային դեր է խաղում միջուկային անվտանգության միջազգային համակարգի ամրապնդման գործում` նպաստելով համապատասխան միջազգային իրավական փաստաթղթերի կիրարկմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը և պետությունների կարողությունների բարձրացմանը ֆիզիկական միջուկային անվտանգության ոլորտում։

Այս կապակցությամբ հարկ եմ համարում շեշտել, որ Հայաստանը վերահաստատում է լիակատար աջակցությունը ԱԷՄԳ-ին վերջինիս լիազորությունների և մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231(2015) բանաձևի իրականացման հարցում և շնորհակալություն է հայտնում Գործակալությանը մասնագիտական և անկախ գործունեության համար:

Այս կապակցությամբ մենք բոլոր կողմերին կոչ ենք անում առավելագույն ջանքեր գործադրել Համատեղ գործողությունների Համապարփակ ծրագիրը պահպանելու ուղղությամբ:

Տիկին Նախագահ,

Եզրափակելով ելույթս՝ կցանկանայի ընդգծել այն կարևոր դերակատարությունը, որ ունի Գործակալությունը մարդկային ռեսուրսների զարգացման գործում՝ գիտելիքների և տեղեկատվության փոխանակման, կարողությունների զարգացման ուղղված բազմաթիվ սեմինարների և միջոցառումների կազմակերպման միջոցով, որոնք մեր համոզմամբ խիստ արդյունավետ են ազգային կառավարման համակարգը ԱԷՄԳ-ի չափանիշներին համապատասխան արդիականացման համար:

Շնորհակալություն ուշադրության համար:

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին