Նորություններ
Այցեր ԵՎ ելույթներ
Նախարար Սուրեն Պապիկյանը Գավառում մասնակցել է «Մեծ փուռ-2018» փառատոնին
01.10.2018
Սեպտեմբերի 29-ին Գավառ քաղաքի զբոսայգում անցկացվել է «Հյուրասիրում են քյավառցիները» խորագրով «Մեծ փուռ- 2018» փառատոնը: Փառատոնի աջակիցն է «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ:
Կարտոֆիլի բերքահավաքը խորհրդանշող փառատոնին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Գործընկերները շրջել են տարածաշրջանի ավանդական ուտեստները ու գյուղատնտեսական արտադրանքը ներկայանող վաճառքի տաղավարներում և մասնակցել «Փռի կարտոլի» հյուրասիրությանը, որը կազմակերպվել էր «Վորլդ Վիժն- Հայաստան» Գեղարքունիքի մարզի տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում ստեղծված Գանձակ և Սարուխան համայնքների կարտոֆիլ արտադրողների 2 խմբերի կողմից:
«Համտեսեցի փռի կարտոֆիլ, բրոկոլիի թթու, ինչը շատ համեղ էր, որոշ գնումներ կատարեցի: Ամեն համայնք ունի իր յուրօրինակությունը, և այսօր Քյավառի համուհոտն իր կարեւոր դերակատարումն ունեցավ»,- լրատվամիջոցների հետ զրույցում իր տպավորություններն է արտահայտել նախարար Սուրեն Պապիկյանը:
Գոհունակություն հայտնելով փառատոնի հաջող ընթացքի կապակցությամբ՝ նախարար Պապիկյանը կարևորել է համայնքների արտադրական ներուժի բացահայտմանն ու ամրապնդմանն ուղղված նման միջոցառումների կազմակերպումն այլ տարածաշրջաններում ևս: