Նորություններ

Այցեր ԵՎ ելույթներ

ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը և կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրել են Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին

10.10.2016

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հոկտեմբերի 10-ին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների և համայնքների ղեկավարներին են ներկայացրել Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը շնորհակալություն է հայտնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին այդ պաշտոնում երկարամյա և արդյունավետ գործունեության համար, և ներկայացնելով նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին, իր խոսքում մասնավորապես նշել է, որ այն, ինչ անկնալվում է Սյունիքից, Հայաստանի մարզերի և մարզպետարանների առջև դրված նոր խնդիրների առաջընթացի տեղիք է տալիս: Դավիթ Հարությունյանը խոսելով կառավարության ծրագրերի և մոտեցումների մասին՝ նշել է, որ Սյունիքը պետք է ցույց տա և դառնա օրինակ մյուս մարզերի համար, քանի որ այստեղ են փոփոխություններ տեղի ունենում: Մարզը, իր բոլոր դրական ու բացասական հենքերով հանդերձ, ունի մեծ ներուժ և դրա օգտագործումը մարզպետի առջև է դրված: Դավիթ Հարությունյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին և նշել, որ Վահե Հակոբյանի` պետական մարմիններում երկարամյա աշխատանքի փորձը, է մարզում առկա խնդիրներին քաջատեղյակ լինելը, փորձն ու գիտելիքներն օգտակար կլինեն նոր պաշտոնում հաջողությունների հասնելու համար:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն իր հերթին շնորհավորելով մարզպետ Վահե Հակոբյանին` հույս է հայտնել, որ նորանշանակ մարզպետը ծանոթ լինելով մարզին՝ կկարողանա մոբիլիզացնել ամբողջ ռեսուրսները` կարևորելով մասնավորապես մարդկային ռեսուրսը: Նախարարը հավելել է, որ մարզի ներուժի ճիշտ օգտագործումը կարող է դառնալ լուրջ խթան տնտեսության զարգացման, աղքատության կրճատման և հանրապետությունում բարեկեցիկ տարածք ունենալու հարցերում: Անդրադառնալով տարածաշրջանային զարգացման ռազմավարությանը, վարչատարածքային բարեփոխումների խնդիրներին, մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերին՝ նախարարը նշել է, որ Սյունիքում ունեցել են դրական փորձ և առաջիկայում պետք է անել ամեն հնարավորը, որպեսզի տնտեսական զարգացումը նկատելի լինի ամբողջ հանրապետության համար: Դավիթ Լոքյանը Վահե Հակոբյանին մաղթել է հաջողություն և նորանոր ձեռքբերումներ՝ մարզի զարգացման գործում:

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը շնորհակալություն է հայտնել իր նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար և նշել, որ գործունեության ընթացքում լիարժեքորեն կկատարի իր վրա դրված պարտականությունները՝ նպաստելով Սյունիքի մարզի զարգացմանը և բարեկեցությանը, կենսամակարդակի ավելի բարձրացմանը: Իր խոսքում մարզպետը մասնավորապես նշել է.
«Մեզ համար ամենակարևոր արժեքը մարդն է, և մենք պետք է միասնական լինենք: Անցյալն ու ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ մենք անհրաժեշտության դեպքում կարող ենք համախմբվել՝ միասնականությամբ դիմակայելու մեր առջև դրված մարտահրավերներին: Հույս ունեմ, որ 2017 թվականին կկարողանաք շոշափելի արդյունքներ ունենալ և ներկայացնել կառավարությանն ու երկրի Նախագահին»:

Նորանշանակ մարզպետը բարձր է գնահատել նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կատարած աշխատանքը և հույս հայտնել, որ նրա փորձն ու հմտությունները հետագայում ևս օգտակար կլինեն մարզի կառավարման համակարգում:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին