Նորություններ

Այցեր ԵՎ ելույթներ

ՀՀ Շիրակի մարզում քննարկվել են համայնքների խոշորացմանը վերաբերող հարցեր

11.06.2016

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հունիսի 10-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մասնակցել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը, որը նախաձեռնել էր ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը:

Աշխատանքային քննարկմանը մասնակցել են Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցիչներ, մարզպետներ, ԱԺ խմբակցության պատգամավորներ, խոշորացվող համայնքների ղեկավարներ և ավագանու անդամներ, ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետներ:

ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը տեղեկացրել է, որ կառավարությունը շարունակում է համայնքների խոշորացման ծրագիրը և հերթական նախագծերի փաթեթն է ներկայացրել խորհրդարանի քննարկմանը: Ստեփան Մարգարյանը հիշեցրել է, որ հանրապետությունում դեռևս 2014 թվականից սկսվել է համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրը, որի արդյունքում Սյունիքի, Լոռու և Տավուշի մարզերում իրականացվել են «փնջային պիլոտային» ծրագրեր:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը կարևորել է այս գործընթացը՝ համայնքների զարգացման շարունակականության ապահովման, համայնքի կողմից առավել որակյալ և մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների (մարդկային, ֆինանսական, հողային) առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից: «Կառուցվածքային այս փոփոխությունները հանգեցնելու են ոչ թե համայնքների արհեստական խոշորացման, այլ հիմք են ստեղծելու լուրջ ներդրումային ծրագրերի իրականացման և հետագա զարգացման համար: Ժամանակն է, որ մենք գնանք այս փոփոխություններին, որի արդյունքները կարող ենք գնահատել 1-2 տարի հետո, և դա պետք է լինի դրական»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ գրեթե բոլոր խոշորացվող համայնքներում առանձին-առանձին քննարկվել են համայնքների բնակիչներին հուզող հարցերը:

Ծրագիրն այնուհետև մանրամասն ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Փոխնախարարն անդրադարձել է այն համայնքներին, որտեղ իրականացվելու է խոշորացման ծրագիրը: Մասնավորապես, ըստ նրա, համայնքների խոշորացման ծրագրերի իրականացումն օրակարգային է Արարատի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի մարզերում:

Համայնքների ղեկավարները բարձրացրել են մի շարք հարցեր, որոնք մասնավորապես, վերաբերել են խոշորացվող համայնքները միմյանց կապող ճանապարհների բարեկարգմանը, բնակիչներին ծառայությունների մատուցմանը, սահմանամերձ համայնքների խոշորացմանը, աշխատատեղերի կրճատմանը և մի շարք այլ հարցերի: Բոլոր հարցերին տրվել են հանգամանալից պատասխաններ:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին