Նորություններ

Այցեր ԵՎ ելույթներ

Տարածքային կառավարման և զարգացման նախարարն այցելել է Շիրակի մարզ

13.05.2016

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր աշխատանքային հերթական այցով Շիրակի մարզում էր: Նախարարի մարզային այցելության առաջին կանգառը Գյումրիում էր, որտեղ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի, մարզպետարանի ղեկավար կազմի հետ քննարկվել են մարզի հրատապ խնդիրներին` մասնավորապես խմելու ջրի մատակարարման և կոյուղու համակարգը պետությանը հանձնելու գործընթացին, ինչպես նաև մարզի բժշկական կենտրոններում առկա խնդիրներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել բնակարանաշինությանը և երկրաշարժից անօթևան դարձած քաղաքացիներին հատկացված բնակարանների սեփականաշնորհման հարցին: Նախարարին տեղեկացվել է, որ ներկայումս քաղաքացիների մոտ ակտիվություն է նկատվում բնակարանների սեփականաշնորհման գործընթացներում: Դավիթ Լոքյանը հանձնարարել է մշտական ուշադրության տակ պահել այդ գործընթացը` այն սահմանված ժամկետում` մինչև դեկտեմբերի 1-ը ավարտելու նպատակով: Քննարկվել է նաև Ախուրյանում երեք կիսակառույց բազմաբնակարան շենքերի շինաշխատանքների կազմակերպման հարցը. նախատեսվում է աշխատանքները սկսել հուլիսի վերջերից: Այդ առնչությամբ նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ:

Շիրակի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Դավիթ Լոքյանը եղել է նաև Թորոսգյուղ, Աշոցք, Բերդաշեն, Ամասիա համայնքներում, խորհրդակցություններ անցկացրել տարածաշրջանի համայնքապետերի, ավագանու անդամների հետ համայնքների խոշորացման գործընթացների շուրջ: Խորհրդակցություններին մասնակցել է նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) ներկայացուցիչը: Նախնական տարբերակով առաջարկվում է խոշորացման համար ընտրել համայնքային 4 փունջ՝ Թորոսգյուղ, Աշոցք, Բերդաշեն, Ամասիա կենտրոններով: ԳՄՀԸ կողմից իրականացվող «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում խոշորացվող համայնքային մի շարք կենտրոններում կբացվեն Քաղաքացիների սպասարկման գրասենյակներ: Նախարարը նշել է, որ խոշորացման հիմնական նպատակը կառավարման առավել արդյունավետ համակարգ ստեղծելն է։ «Հասարակության սպասումները տեղական ինքնակառավարման համակարգից այսօր ավելի շատ են, սակայն իրականությունն այն է, որ նյութատեխնիկական, ֆինանսական միջոցների, մարդկային ռեսուրսների սահմանափակ լինելու պատճառով փոքր բյուջե ունեցող համայնքները ի վիճակի չեն որակյալ ծառայություններ մատուցել իրենց համայնքներում: Համայնքների խոշորացումը կհանգեցնի մարդկային ռեսուրսների, ենթակառուցվածքների, ֆինանսական միջոցների համախմբման, ինչն էլ կնպաստի ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանը, ֆինանսական կարողությունների հզորացմանը, ինչպես նաև տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորությունների ստեղծմանը»,- իր խոսքում մասնավորապես նշել է Դավիթ Լոքյանը` հավելելով, որ խոշորացված համայնքների զարգացման համար տարբեր միջազգային կազմակերպություններ պատրաստակամություն են հայտնել ֆինանսական աջակցության ծրագրեր իրականացնելու` ուղղված ենթակառուցվածքների զարգացմանը, տնտեսական ակտիվության բարձրացմանն: Խոսելով ՏԻՄ-երի զարգացման ուղղությամբ նախկինում կատարված աշխատանքի մասին, նախարար Դավիթ Լոքյանն ընդգծել է, որ ձեռքբերումների կողքին դեռևս շատ անելիքներ կան:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև համայնքներում հնարավոր տնտեսական նախաձեռնություններին վերաբերող հարցեր, ներկայացվել է պետության կողմից որդեգրած տարածքների համաչափ զարգացմանն ուղղված քաղաքականությունը: Նախարարի խոսքով, տարեկան 50 մլրդ դրամ դոտացիա է ուղղվում համայնքային խնդիրներին, սակայն դրանց բաշխման հիմքում դրված գործիքները բավարար չեն համայնքների միջև անհամաչափությունները վերացնելու համար: Նախատեսվում է բաշխումը կատարել` հիմքում դնելով նաև յուրաքանչյուր համայնքին բնորոշ ռիսկային գործոնները, օրինակ` Երևանից հեռավորությունը, բարձր լեռնայնությունը և այլն:

Բերդաշեն համայնքում նախարարն այցելել է նաև գյուղի դպրոց, որը հրդեհվել էր, և երեխաների մի մասը դպրոց է հաճախում հարևան Զորակերտ գյուղ: Նախարարը ծանոթացել է հիմնախնդրին և խոստացել հարցը քննարկել համապատասխան կառույցների մասնակցությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին