Նորություններ

ԶԼՄ-ները մեր մասին

Բարեկեցիկ համայնքը՝ տարածքների համաչափ զարգացման ծրագրի թիրախ

11.10.2011

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով
Վայոց ձորի մարզում էր

Գյուղական համայնքների համաչափ զարգացումը պետական գերակայության խնդիր է Հայաստանում, որի լուծման շուրջ համախմբվել են թե պետական կառույցները, թե գյուղացին։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել էր Վայոց ձորի մարզ՝ մասնակցելու Ջերմուկում անցկացվող գյուղական համայնքների առաջին համաժողովին, որն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում եւ նպատակ ունի աջակցել գյուղական համայնքների զարգացմանը։

Նախագահը շնորհավորեց համաժողովի մասնակիցներին ՏԻՄ 15-ամյակի առթիվ, ողջունեց համաժողովի անցկացումը, որը, հանրապետության ղեկավարի խոսքով, թույլ է տալիս ուշադրությունը կենտրոնացնել գյուղի եւ նրա հիմնախնդիրների վրա, համատեղ քննարկել առկա հարցերը։ Ս. Սարգսյանն ընդգծեց, որ պետության համար շարունակում է առաջնային մնալ տարածքների համաչափ զարգացման ապահովումը։

Այդ նպատակով մշակվել է ՀՀ տարածքների զարգացման հայեցակարգը, որը թույլ է տալու այս կամ այն ծրագրի իրականացումը դիտարկել տարածքների համաչափ զարգացման տեսանկյունից։ Նախագահի խոսքով, համաչափ զարգացումը բազմաթիվ այլ ուղղությունների շարքում ենթադրում է նաեւ անհրաժեշտ ենթակառուցվածքների եւ արդյունավետ գյուղատնտեսության զարգացում։

"Ուզում եմ մեկ անգամ եւս շեշտել, որ այս տարի մեր պետության եւ ժողովրդի համար շատ կարեւոր հոբելյաններ ենք նշում։ Մեր անկախության 20-ամյակի տարում լրանում են նաեւ պետության կարեւորագույն ինստիտուտների հոբելյանները, եւ դրանց թվում ցանկանում եմ առանձնացնել մեր տեղական ինքնակառավարման համակարգի 15-ամյա հոբելյանը։ Կարծում եմ, իր նշանակությամբ այն մեր պետության ամենակարեւոր հաստատություններից մեկն է։ Կայացած տեղական ինքնակառավարման համակարգը ենթադրում է ամուր ու զարգացած համայնք եւ հետեւապես՝ բարեկեցիկ գյուղ", - ասաց նախագահ Սարգսյանը։

Հանրապետության ղեկավարի խոսքով, վերջին տարիներին, հատկապես ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ, նկատելի աշխատանքեր են կատարվել։ Իրականացվել են ճանապարհաշինական եւ ոռոգման ենթակառուցվածքների վերականգնման բազմաթիվ ծրագրեր, զգալի ջանքեր են գործադրվել գյուղական համայնքների, դրանց տնտեսական հնարավորությունների զարգացման, գյուղատնտեսական բարեփոխումների աջակցության ուղղություններով։ Մարզերում շարունակվում են կրթական, սոցիալական, մշակութային ոլորտներում ներդրումները, կառուցվում եւ արդիականացվում են բուժհաստատություններ՝ ավելացնելով որակյալ բուժծառայություններ ստանալու հնարավորությունները։

Նշելով, որ այդ աշխատանքների ֆինանսավորման աղբյուրները տարբեր են՝ դրամաշնորհներ, վարկային միջոցներ, պետության սեփական եկամուտներ, Ս.Սարգսյանը կարեւոր համարեց, որ նշված միջոցներն օգտագործելիս հնարավորինս հաշվի է առնվել հենց շահառուների, տեղական ինքնակառավարման մարմինների կարծիքը.
"Այդպիսի լավագույն օրինակներից մեկը "Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի" ծրագրերի իրականացման աշխատանքն էր, երբ ծրագրի բոլոր բաղադրիչների մասով մենք խորհրդակցեցինք մեր բնակչության հետ եւ կարողացանք ոչ միայն սահմանել առաջնահերթ լուծում պահանջող ամենից կարեւոր խնդիրները, այլ նաեւ հասարակական աջակցություն ապահովել, ինչը նաեւ օգնեց ծրագրի ոռոգման բաղադրիչը մինչեւ վերջ իրականացնել։ Դա, բնականաբար, իր մեջ նաեւ հսկողական մեխանիզմներ է պարունակում, եւ պատահական չէ, որ Միացյալ Նահանգների այդ հիմնադրամի ղեկավարության կարծիքով, Հայաստանում իրականացված ծրագիրը ճանաչվել է լավագույններից մեկը։ Ես փոքր-ինչ համեստորեն եմ ասում, որովհետեւ վերջերս մեզ մոտ էր հիմնադրամի ծրագրերի իրականացման հարցերով փոխնախագահը, ով ասաց, որ հայաստանյան ծրագիրն աշխարհում "Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի" իրականացրած լավագույն ծրագիրն է"։

Երկրի ղեկավարի խոսքով, հանրապետական նշանակություն ունեցող ծրագրերը, որոնք հիմնականում իրականացվում են նախարարությունների միջոցով, եւս մշակվում եւ իրականացվում են՝ խորհրդակցելով ՏԻՄ-երի, մարզպետների եւ այլ շահագրգիռ կողմերի հետ։ "Դրանից զատ, մենք նաեւ միջոցներ ենք հատկացնում, որպեսզի հենց տեղում մարզպետները եւ տեղական ինքնակառավարման մարմինները՝ խորհրդակցելով բնակչության հետ, իրականացնեն իրենց առաջնահերթ ծրագրերը։ Եվ միայն այս տարի, գիտեք, որ այդ ծրագրերի համար բյուջեից հատկացրել ենք 20 մլրդ դրամ, որպեսզի կարողանանք լուծում տալ այն հրատապ խնդիրներին, որոնք եղել են, կան եւ տեսանելի ապագայում կլինեն մեր համայնքներում։ Այդ ծրագրերի շահառուները 347 գյուղական համայնքներն են, եւ առաջին հերթին միջոցներնուղղվում են հենց ենթակառուցվածքների բարելավմանը։ Մեզ համար առաջնային են նաեւ արդյունավետ գյուղատնտեսության խնդիրները, որոնց լուծումը նպաստելու է գյուղական տարածքների զարգացմանը։ Մեր որդեգրած քաղաքականության հիմքում բարեկեցիկ գյուղ, բարեկեցիկ համայնք ունենալն է՝ նրա բնակչի համար անհրաժեշտ սոցիալական եւ արտադրական ենթակառուցվածքներով։ Մեր հետագա քայլերը եւս ծառայելու են այդ նպատակին։
Այսօր կարող ենք արձանագրել, որ տեղական ինքնակառավարման համակարգի հիմքում գործուն մեխանիզմներ են դրված, եւ հետագա աշխատանքները պետք է ուղղված լինեն դրանց արդյունավետության, տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվության բարձրացմանը։

Վերջին տարիներին աշխատանքներ են իրականացվել ֆինանսական համահարթեցման մեխանիզմների կատարելագործման առումով, տեղական ինքնակառավարման մարմիններն ավելի մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում սեփական եկամուտների հավաքագրմանը, թեկուզ փոքր ծավալով, բայց տեղերում սեփական միջոցներով առաջնային ծրագրեր են իրականացվում։ Համայնքները վերջին տարիներին հրաժարվել են պարտքեր կուտակելու, այսպես ասած, "ավանդույթից"։ Հիշում եք, որ ոչ հեռավոր անցյալում, նույնիսկ՝ 4-5 տարի առաջ, համայնքները կուտակում էին հսկայական պարտքեր, այնուհետեւ մենք ստիպված էինք լինում արդեն 3-4 տարվա ուշացումով այդ պարտքերը մարել։ Իմ խորին համոզմամբ, դրանք միջոցների փոշիացում էին, ինչը մենք կարողացանք հաղթահարել եւ ինչի համար մարզպետներին, գյուղապետերին եւ, իհարկե, տարածքային կառավարման նախարարությանը, անձամբ՝ փոխվարչապետին, իմ շնորհակալությունն եմ հայտնում։ Սա, իհարկե, առաջընթաց է, բայց մեր նպատակն է ունենալ առավել կենսունակ, խոշոր ու ֆինանսապես կայուն համայնքներ, տեղական մակարդակում թափանցիկ եւ արդար կառավարում, հասնել նրան, որ բնակչությունն իր կենսագործունեության համար առաջնային խնդիրները կարողանա լուծել հենց տեղերում՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցաբար", - ասաց հանրապետության ղեկավարը։

Ս. Սարգսյանը հայտարարեց, որ պետությունը մշտապես սատար է կանգնելու ՏԻՄ-երին, բարձրացնելու է տեղական ինքնակառավարման մարմինների դերակատարությունը՝ համոզվածություն հայտնելով, որ ՏԻՄ-երի ներկայացուցիչները եւս տրամադրված են վճռական եւ ելնելով իրենց բնակավայրի, գյուղի, համայնքի շահերից, կարողանալու են բարձրացնել տեղական ինքնակառավարման մարմինների հեղինակությունն ու համայնքի ղեկավարի դերը։ "Այդ ամենին հասնելու համար մեզ ժամանակ է պետք, պետք է երկար ճանապարհ անցնենք։ Բայց ամենից կարեւորն այն է, որ մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով, եւ ես վստահ եմ՝ բոլորս կամք ունենքու հասնելու ենք մեր նպատակին",-  վերջում ընդգծեց Ս. Սարգսյանը։

Համաժողովի արդյունքները կամփոփվեն այսօր, որի փակման հանդիսավոր արարողությանը ներկա կլինի վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Համաժողովին մասնակցում են տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման, պատասխանատու պետական կառավարական մարմինների, մարզերում եւ համայնքներում տարբեր ծրագրեր իրականացնող միջազգային եւ տեղական կազմակերպությունների ավելի քան 300 ներկայացուցիչ, փորձագետ։

Համաժողովի շրջանակներում կանցկացվի երկու լիագումար նիստ, կկազմակերպվի ցուցահանդես, քննարկումներ կլինեն 10 աշխատանքային խմբերում հետեւյալ թեմաներով՝ "Համայնքային ենթակառուցվածքներ՝ ջրային տնտեսություն, էներգետիկ ենթակառուցվածքներ, քաղաքաշինություն", "Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումը գյուղական համայնքներում", "Գյուղատնտեսություն՝ քաղաքականություն, ծրագրեր, զարգացման տեսլականներ", "Վարչատարածքային բարեփոխումներ՝ տեղական ինքնակառավարման հիմնախնդիրները", "Բնապահպանություն եւ հանքարդյունաբերություն", "Համայնքային ենթակառուցվածքներ՝ սոցիալական եւ առողջապահական ոլորտներ", "Զբոսաշրջության զարգացման հնարավորությունները գյուղական միջավայրում", "Մշակույթն ու կրթությունը գյուղական համայնքներում", "Բանկային համակարգ՝ վարկային գործիքները գյուղական համայնքներում", "Նոր տեխնոլոգիաներ"։

Նշված աշխատանքային խմբերում ՏԻ մարմինների եւ պետական ու շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ կքննարկվեն գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրները, կներկայացվի նույնատիպ հարցերի լուծման միջազգային դրական փորձը։

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի խոսքով՝ ակնկալվում է, որ համաժողովը կունենա գործնական արդյունքներ, կնախանշվեն շատ հարցերի լուծումներ, նոր ծրագրերի իրականացման հնարավորություններ։
Համաժողովի բացման արարողությունից հետո նախագահ Սարգսյանն այցելեց նաեւ համաժողովի շրջանակներում կազմակերպված ցուցահանդես՝ նվիրված հանրապետության մարզերում եւ համայնքներում անցած 20 տարիներին ծրագրեր իրականացրած միջազգային կազմակերպությունների գործունեության արդյունքներին ու ձեռքբերումներին։

Այնուհետեւ նախագահը ծանոթացավ Ջերմուկի զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող հյուրանոցային նոր համալիրի շինարարության ընթացքին։ Հյուրանոցային այս համալիրի շինարարությունն իրականացվում է Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի շրջանակներում՝ ՀՀ նախագահի՝ ՀՀ մարզերի համաչափ զարգացման նախընտրական ծրագրային դրույթներին համապատասխան։ Շինարարությունը սկսվել է 2009 թ. եւ նախատեսվում է ավարտել 2013ին։

Լրագրողների հետ զրույցում նախագծի հեղինակ Նարեկ Սարգսյանն ասաց, որ ներկայումս ավարտվում են շենքի հիմնակմախքի աշխատանքները եւ սկսված են քարե երեսպատման աշխատանքները։ Մինչեւ տարվա վերջ նախատեսվում է ավարտին հասցնել տանիքի կառուցման աշխատանքները։

Հյուրանոցային համալիրի շենքն ունի մեկ նկուղային հարկ, մեկ կիսանկուղային եւ երեքից-չորս հիմնական հարկեր։ Նկուղային հարկի հիմնական տարածքը զբաղեցնում է ջրաբուժարանը, որը բաժանված է երկու ֆունկցիոնալ գոտու։ Ակտիվ ժամանցի գոտում նախատեսված է կառուցել լողավազան, սաունա, ՍՊԱ կենտրոն, մարզադահլիճ, իսկ հանգստի եւ բուժարանի գոտում՝ բուժական լոգարաններ եւ ցնցուղներ, մերսման սենյակներ, գեղեցկության սրահ եւ այլն։ Շենքում նախատեսված են արդիական ինժեներական ցանցեր եւ օդափոխություն, ջեռուցման, օդի լավորակման, ջրամատակարարման եւ էլեկտրասնուցման բարձրորակ համակարգեր։ Նախատեսված են նաեւ կապի եւ ինտերնետի, անվտանգության արդի համակարգեր։ 

Հարավային թեւի նկուղի մի հատվածը զբաղեցնում է ավտոկանգառը 12 մեքենայի համար։ Կիսանկուղային հարկում, որը հիմնականում ապահովված է բնական լուսավորությամբ, տեղակայված են գրասենյակային եւ սպասարկման սենյակներ։
Առաջին հարկում գտնվում են ընդունման սրահը՝ գրանցման կետով, ակտիվ ժամանցի սրահը, վերելակներ եւ աստիճանավանդակներ, բար եւ ռեստորան։ Շենքն, ընդհանուր առմամբ, կունենա հյուրանոցային 84 համար։ Շենքի 2-րդ, 3-րդ, 4-րդ հարկերը զբաղեցնող հյուրանոցային համարները հիմնականում երկու տեղանոց են՝ "քինգ" եւ "դաբլ" տիպի մահճակալներով։ Նախատեսված են 8 լյուքս համարներ, անհրաժեշտության դեպքում համարներն ունեն իրար միացվելու հնարավորություն։ Չորրորդ հարկում են տեղակայված նաեւ օդափոխության խցերը, տեխնիկական այլ տարածքներ։

Կենտրոնական մասնաշենքի երրորդ հարկում տեղակայված է կոնֆերանս դահլիճն իր ճեմասրահով։ Արտաքին հարդարման համար օգտագործվում են սրբատաշ բազալտ եւ տուֆ։ Տանիքածածկը նախատեսված է գունավոր թիթեղից։ Բոլոր արտաքին վիտրաժները եւ պատուհանները նախատեսված են ալյումնինե պրոֆիլներից՝ ներսից բնական փայտից երեսապատումով եւ երկշերտ ապակե կապոցներով։

"Համալիրի շինարարության ավարտից հետո նախատեսվում է հարեւանությամբ քաղաքապետարանի նոր շենքի նախագծում, ժամանակակից կամրջի կառուցում։ Կամրջի վրա եվրոպական քաղաքների նախատիպով տեղական արվեստների կենտրոններ կկազմակերպվեն", - ավելացրեց Ն. Սարգսյանը։ Ծրագրի ներդրումային արժեքը կազմել է 15 մլն ԱՄՆ դոլար։

Երեկոյան հանրապետության ղեկավարը շրջայց կատարեց Ջերմուկում, ծանոթացավ քաղաքային համայնքի գիշերային լուսավորության ցանցի հիմնանորոգման ուղղությամբ կատարված աշխատանքներին, որոնք իրականացվում են Ջերմուկի սոցիալ-տնտեսական զարգացման աջակցության հիմնադրամից հատկացված միջոցների հաշվին։ 

2011թ. մայիսի 2-ին "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ-ն հիմնադրամի հետ կնքել էր նվիրաբերության պայմանագիր, համաձայն որի ընկերությունը նվիրաբերել է հիմնադրամին 300 մլն դրամ՝ քաղաքային համայնքի արտաքին լուսավորության ցանցի հիմնանորոգման, կառուցման համար։

Հատկացված գումարների հաշվին հիմնովին կառուցվել է Շահումյան փողոցից մինչեւ "Օլիմպիա" առողջարան ընկած հատվածի, Շահումյան եւ Մյասնիկյան փողոցների խաչմերուկից մինչեւ Ըմպելասրահ տանող փողոցների արտաքին լուսավորության ցանցը։ Աշխատանքներն իրականացվել են նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա, դրանց կատարմանը զուգահեռ իրականացվում է նաեւ տեխնիկական հսկողություն։
Ընթացքի մեջ են Ըմպելասրահից մինչեւ Ֆերդինանդ Ղազարյանի ճեմուղու, "Դելֆինի լճակի" հարակից տարածքի, Շահումյան փողոցի «Օլիմպիա» առողջարանից մինչեւ "Բարեկամություն" կամուրջ հատվածների արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն հոկտեմբերի 15-ին։ Նախատեսվում է հիմնովին վերակառուցել Մելիք-Ադամյան, Մյասնիկյան, Բաբկեն Վարդանյան, Գործարանային, Ջերմուկ քաղաքի մուտքի հատվածների լուսավորության ցանցը, որոնց աշխատանքները կսկսվեն հոկտեմբերի 15-ին եւ կավարտվեն նոյեմբերին։

Արման ԳԱՍՊԱՐՅԱՆ

"Հայաստանի Հանրապետություն"
 11.10.2011

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին