Նորություններ

ԶԼՄ-ները մեր մասին

9 ԱՄՍՎԱ ՓՈԽԱՐԵՆ` 15-20 ՕՐՈՒՄ Հնարավոր կլինի փոխել հողամասերի նշանակությունը

21.05.2011

Հողամասի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ նոր կարգը սահմանելիս, կառավարության վերջին նիստում, գործող կարգի մասին վարչապետ Տիգրան Սարգսյանը հետեւյալ կերպ արտահայտվեց. "Փաստաթուղթը գնում է նախարարություններ եւ շաբաթներով մնում այնտեղ: Պետք է զանգենք, խնդրենք, որ բյուրոկրատնեը թղթերը շրջանառության մեջ դնեն, ուղարկեն կառավարություն, որպեսզի որոշում ընդունվի: Ինչպե՞ս կարելի է դա հանդուրժել: Քաղաքացին 9 ամիս սպասում է, որ պատասխան ստանա: Անթույլատրելի է: ... Մարդկանց կա՛մ ասենք այո, կա՛մ ոչ, բայց հնարավորինս սեղմ ժամկետում: Բացի դրանիցՙ որոշումն ունի հստակ հակակոռուպցիոն բնույթ: Հասկանալի է, չէ՞, չինովնիկը, տեղում նստած, ինչու է ձգձգում որոշման ընդունումը. սպասում է մինչեւ մեկը գա, բարեխոսի եւ այլն":

Թե ինչպե՞ս էր ընթանում հողամասի նշանակության փոփոխման գործընթացը մինչ կառավարության կողմից այն փոփոխելը, հարցրեցինք տարածքային կառավարման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանին : Նրա պատմածով, մինչ հողերի գոտեւորման եւ օգտագործման սխեմաներ կազմելը, 2003-ին կառավարության որոշմամբ հաստատվել են հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ: Դրանք քարտեզներ են, որտեղ նշվում են տվյալ համայնքի հողերի չափը, դրանց նշանակությունըՙ վարելահող, բնակավայր եւ այլն: Այդ ժամանակավոր սխեմաներում փոփոխության խնդիր առաջանալու դեպքում, հարցը որոշակի փուլերով պետք է հասներ վարչապետի որոշմամբ 2001-ին ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովին:

Հողերի նշանակությունը փոխելու առաջարկն ընդունում էր համայնքի ավագանին: Դա կարող էր լինել ինչպես քաղաքացուն, իրավաբանական անձին պատկանող հողամասի նշանակության փոփոխման դեպքում (ենթադրենք գյուղնշանակության հողերը բնակավայր կամ արդյունաբերական նշանակության դարձնելու մասին), այնպես էլ հենց համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի դեպքում: Համայնքի ավագանու որոշումը ներկայացվում էր մարզպետարան: Մարզպետարանում ստեղծվում էր հանձնաժողով, որի մեջ ընդգրկվում էին հողաշինության վարչության պետը, գյուղատնտեսության վարչության պետը, մարզային կադաստրի, էլեկտրական ցանցերի, գազի, ջրային տնտեսության եւ այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչները: Հանձնաժողովը քննարկում էր տվյալ համայնքի ավագանու որոշումը եւ իր եզրակացությամբ այդ գործն ուղարկում վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովին: Վերջինս, նման գործերի որոշակի քանակ հավաքվելուց հետո միայն նիստ էր գումարում, դրանք բոլորն ուղարկում հանձնաժողովի մեջ ընդգրկված 8 նախարարություններ: Նախարարություններում ծանոթանում են այդ գործերին եւ իրենց առաջարկությունները ներկայացնում միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ժամանակ: Դրանից հետո էլ, եթե որեւէ քաղաքաշինական կամ այլ խնդիր չէր լինում, հանձնաժողովը համապատասխան որոշում է ընդունում եւ դարձյալ ուղարկում վերոնշյալ 8 նախարարություններին` կնիքով հաստատելու համար: Մի խոսքովՙ այս ամբողջ գործընթացը բավականին երկարում էր: Մեր զրուցակիցը եւս փաստեց, որ եղել են դեպքեր, երբ գործընթացը տեւել է 9 ամիս, թեեւ նշեց, որ դրա համար կարող էին լինել նաեւ օբյեկտիվ պատճառներ:

Ինչպե՞ս է փոխվել այդ տանջալից գործընթացը կառավարության վերջին որոշմամբ: Տարածքային կառավարման նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետի ներկայացմամբ, հիմա, հողի նպատակային նշանակությունը փոխելու համայնքի ավագանու որոշումը ներկայացվում է մարզպետին, որն էլ 5 օրվա ընթացքում այն պետք է ներկայացնի տարածքային կառավարման նախարարությանը: Աշոտ Գիլոյանը չբացառեց, որ միջգերատեսչական հանձնաժողովը առաջիկայում կարող է վերացվել:

Տարածքային կառավարման նախարարությունը, ավագանու ընդունած եւ մարզպետի ներկայացրած որոշումը եռօրյա ժամկետում ներկայացնում է համապատասխան նախարարություններին, նրանք էլ հնգօրյա ժամկետում իրենց կարծիքներն ու եզրակացությունները պետք է ներկայացնեն: Եթե նախարարությունները անընդունելի են համարում այդ որոշումը, ապա պետք է հիմնավորեն, թե ո՞ր օրենսդրական ակտի համաձայն: Եթե նշված 5 օրում նրանք կարծիք չեն հայտնում, նրանց կարծիքը համարվում է դրական: Այնուհետեւ այդ կարծիքները նախարարությունը ներկայացնում է կառավարություն, որն էլ ընդունում է որոշումը: Վերոնշյալ գործընթացը տեւում է 15-20 օր նախկին 9 ամսվա փոխարեն: Միաժամանակ վերանում են պետական տարբեր օղակներում գործընթացը ձգձգելու եւ հավելյալ անօրինական վճարներ պահանջելու սողանցքները:

"ԱԶԳ" օրաթերթ

Արա Մարտիրոսյան

 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին