Նորություններ

ԶԼՄ-ները մեր մասին

Արմեն Գեւորգյան. Առաջին ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովը հաջողեց

19.04.2011

(Նոյյան Տապան - 19.04.2011) Ռուս-հայկական միջտարածաշրջանային համաժողովը առաջինն էր, եւ այն հաջողված է։ Այս մասին լրագրողների հետ ապրիլի 19-ի հանդիպմանը հայտարարեց Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը։ Ըստ նրա, համաժողովի հաջողությունը պայմանավորված է նախեւառաջ ներկայացվածության մակարդակով՝ դրա աշխատանքներին մասնակցեց Հայաստանի նախագահը, կառավարության ղեկավարը եւ այլ պաշտոնատար անձինք հայաստանյան կողմից եւ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը, տրանսպորտի եւ տարածաշրջանային զարգացման նախարարները ռուսաստանյան կողմից։ Ռուսաստանի պատվիրակության կազմում էին նաեւ ՌԴ 20 երկրամասերի ու սուբյեկտների ներկայացուցիչներ, որից 5-ը՝ նահանգապետերի գլխավորությամբ։ Համաժողովի աշխատանքներին մասնակցում են 500-ից ավելի անձինք՝ ներառյալ բիզնեսի ոլորտի եւ ոչ առեւտրային միավորումների ներկայացուցիչներ։

Հաջողության երկրորդ ասպեկտը երկխոսության բազմաձեւաչափային լինելն է, ՀՀ փոխվարչապետը հիշատակեց նախօրեին բացված արդյունաբերական նորարարությունների ցուցահանդեսը։ Իսկ ապրիլի 19-ին քննարկումներ տեղի ունեցան թեմատիկ կլոր սեղանների, պլենար նիստերի շրջանակում, տեղի ունեցան նաեւ ՌԴ կառավարության ներկայացուցիչների ու Հայաստանի ղեկավարության պաշտոնական հանդիպումներն ու բանակցությունները։ Ռեգիոնների պատվիրակությունները հնարավորություն ունեցան հանդիպել երկկողմ ձեւաչափով։

"Այսօր անց են կացվել եւ դեռ կանցկացվեն կարեւոր միջոցառումներ, այդ թվում՝ Հայաստանի ազգային ավիափոխադրողին հանդիսավորապես կփոխանցվի առաջին "սուխոյ սուպերջեթ 100" ինքնաթիռը",- ասաց Արմեն Գերորգյանը, կարեւորելով համաժողովի շրջանակներում "տարբեր քաշային կատեգորիաների" 20-ից ավելի փաստաթղթերի ստորագրումը։ Մասնակիցներն ընդունել են նաեւ եզրափակիչ հայտարարություն։ Համաժողովի անցկացումը, Ա.Գեւորգյանի գնահատմամբ, կարեւոր է հայ-ռուսական միջպետական համագործակցության, ինչպես նաեւ Հայաստանի մարզերի զարգացման եւ ՌԴ ռեգիոնների հետ նրանց կապերի ընդլայնման տեսանկյունից։

ՌԴ տարածաշրջանային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինն իր հերթին նշեց, որ համաժողովը Հայաստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների առաջին նման խոշոր հարթակն է։ Համաժողովը, նրա գնահատմամբ, շատ լավ հեռանկարներ ունի։ ԻՆչպես են կատարվում ավելի վաղ ՌԴ ռեգիոնների ու ՀՀ մարզերի միջեւ կնքված 50 համաձայնագրերը հարցին ի պատասխան Արմեն Գեւորգյանը նշեց, որ եթե այդ փաստաթղթերի մի մասը ժամանակին ֆորմալ բնույթ էր կրում, ապա այժմ սկսվել է դրանց գործնական իրականացումը, իսկ վերջին 1-2 տարիներին եւ համաժողովի շրջանակներում կնքված փաստաթղթերը կրում են ավելի գործնական ու պրագմատիկ բնույթ, այսինքն՝ դրանք արդեն ուղղված են կոնկրետ նպատակների ու կոնկրետ արդյունքների։ Դա մեծապես հետեւանքն է տարածաշրջանային համագործակցությունը զարգացնելու երկու երկրների նախագահների վճռականության։ Միայն վերջին 2-3 տարում Հայաստանի նախագահը տարբեր առիթներով այցելել է ՌԴ 4 սուբյեկտներ։ Ըստ Վ. Բասարգինի, նախկինում կնքված համաձայնագրերում շատ էր ֆորմալիզմը, սակայն "մենք համաձայնագրերի որոշակի ինվենտարիզացիա կանցկացնենք"։

Սոնա Մաշուրյան
 

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին